Մինչև սեպտեմբերի 1-ը հին գազելները փոխարինված են լինելու ավտոբուսներով
Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական նիստում Տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Վազգեն Հարությունյանը հայտարարեց, որ Երևանում գործող երթուղային ցանցում թվով 363 շարժակազմ «Գազելները» կփոխարինվեն 143 ավտոբուսով, ինչը կթեթևացնի երթևեկությունը։
«N3 և N12 միկրոավտոբուսային գազելային երթուղիները փոխարինվելու են 1 ավտոբուսային երթուղիով։ N13 երթուղին նույնպես փոխարինվելու է։ Նշված երթուղիների ավտոբուսները լինելու են ZhongTong մակնիշի»,– հայտնեց Հարությունյանը։
Նրա խոսքով` այս աշխատանքների ավարտը լինելու է օգոստոսի 15-ին, ժամանակացույցն էլ հստակ գծված է։
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ այս փոփոխությունների արդյունքում մինչև սեպտեմբերի 1-ը «Գազել» մակնիշի տրանսպորտային միջոցներով սպասարկվող գծերը փոխարինված կլինեն նոր ներկրված ավտոբուսներով։