Իներցիայի ուժը 

Իներցիայի ուժը 

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը երկու ամսով հետաձգել է 58 հազար ստորագրություն հավաքած «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության օրենսդրական նախագծի քվեարկությունը, որն առաջարկում է քրեականացնել Հայաստանի անունից Լեռնային Ղարաբաղը որևէ այլ պետության կազմում ճանաչելը, ինչպես նաև Հայոց ցեղասպանության ճանաչումից հրաժարվելը, ժխտելը։

«Հայաքվեի» մասին կարծիք հայտնել ենք դեռ մինչև Արցախի հայաթափությունը ու այժմ էլ, ըստ էության, մնում ենք նույն տեսակետին: Ազգային օրենսդրությամբ որևէ կերպ հնարավոր չէ փոխել տարածաշրջանային ուժերի բալանսը, բարելավել հայկական դիրքերը բանակցային գործընթացում կամ սահմանել «կարմիր գծեր», որոնք բխում են ոչ թե ռեալիզմից, այլ ցանկություններից:

Այս ճշմարտությունները, թերևս, գիտակցում է նաև հասարակությունը, որի տասնյակ հազար անդամներ ստորագրել են նախաձեռնության տակ, սակայն չեն կոնսոլիդացվում գաղափարի շուրջ:

Մյուս կողմից, ամբողջովին ոչ ադեկվատ է իշխանության վարքագիծը:

Բանն այն է, որ «Հայաքվեի» նախագիծը բխում է նաև ՔՊ 2021-ի նախընտրական ծրագրից, որտեղ խոսվում էր Արցախի ինքնորոշման մասին: Եթե այսօր ՔՊ անդամներն անիրական են համարում «Հայաքվեի» նախաձեռնությունը, ապա խոստովանում են, որ լեգիտիմությունից դուրս է նաև իրենց իշխանությունը:

Երկրորդ, եթե նույնիսկ «Հայաքվեի» նախագիծն իրատեսական չէ, անթույլատրելի է դրան հակադարձելը ադրբեջանական թեզերով, ինչն անում են ՔՊ պատգամավորները:

Եվ վերջապես, «Հայաքվեի» նախաձեռնությունն առաջինն է, որը գալիս է հասարակությունից, և հետևաբար պատշաճ կլիներ, որ այն օպերատիվ հայտնվեր ԱԺ լիագումար նիստի օրակարգում: 

Գոնե հանուն ժողովրդավարության:

Վահրամ Բագրատյան