Բերձորը թշնամին վերածում է ռազմաբազայի, իսկ մեր երկրում բանակը կազմաքանդվում է

Բերձորը թշնամին վերածում է ռազմաբազայի, իսկ մեր երկրում բանակը կազմաքանդվում է

Բերձորը թշնամին վերածում է ռազմաբազայի, իսկ մեր երկրում բանակը կազմաքանդվում է Ադրբեջանական ԶԼՄ-ները ակտիվորեն հրապարակում են լուսանկարներ՝ ցուցադրելով, թե ինչպես է Բերձորը վերածվում ռազմաբազայի։

Ի՞նչ է սա նշանակում, ի՞նչ վտանգներ է պարունակում, արդյո՞ք թշնամին ամրանում է՝ նոր սադրանքներ հրահրելու համար։ Այս և այլ հարցերի շուրջ MediaHub.am-ը զրուցել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի հետ։

«Ոչ միայն Բերձորում է թշնամին զորամասեր տեղակայում, այլ՝ ՀՀ ողջ սահմանի արևելյան երկայնքով։ Սա, բնականաբար, ուղղված է Հայաստանի դեմ։ Հենց Նիկոլ Փաշինյանը դուրս բերեց հայկական զինուժն Արցախից, թշնամու մոտ հնարավորություն ստեղծվեց իր զորքը, որն առաջ Արցախի շուրջ էր պահվում, վերատեղակայել ՀՀ սահմանների մոտ։ Դրա հետևանքները մենք արդեն տեսանք սեպտեմբերի 13-14-ին»,- նշեց Վրթանեսյանը։

Ըստ նրա՝ այս ամենն արվում է ՀՀ իշխանության հովանավորչությամբ ու թողտվությամբ։ «ՀՀ իշխանություններն այս դեպքում սպասարկում են Թուրքիայի ու Ադրբեջանի շահերը։ ՀՀ իշխանությունն ավելի շատ օկուպացիոն վարչակարգ է»,- ասաց փորձագետը։

Վրթանեսյանի դիտարկմամբ՝ ՀՀ իշխանությունը նոյեմբերի իննից հետո հետևողական ձևով կազմաքանդում է բանակը, և այդ ամենն անում է բանակում բարեփոխումների, պրոֆեսիոնալ բանակի անվան ներքո, բայց իրականում տեղի է ունենում բանակի կազմաքանդում։

«Բոլոր քայլերը, որ այսօր արվում են զինված ուժերում՝ սկսած կրճատումներից մինչև զորքի դուսբերում ու դիրքերի հանձնում, մինչև փնթի զորահավաքներ, դրա կոնտեքստում է։ Այս ամենը միասին վերցրած դառնում է համակարգ, որի նպատակը Հայաստանի դիմադրությունը վերջնականապես փլուզելն է»,- նկատեց մեր զրուցակիցը։

Կարեն Վրթանեսյանի խոսքով՝ վերջերս հենց իշխանութան կողմից շրջանառվեց թեզ, ըստ որի՝ Փաշինյանը ստիպված է գնում զիջումների, քանի որ բանակը թույլ է։

«Այսինքն՝ մեր բանակը շատ վատն է, նրանց խոսքով, դրա համար էլ Փաշինյանը ստիպված է զիջումների գնալ։ Իրենք հետևողական ձևով քանդում են բանակը, հետո ասում՝ դե էս բանակով ի՞նչ կարող ենք անել, ստիպված ենք ամեն ինչի համաձայնել»,- ամփոփեց խոսքը ռազմական փորձագետը։

Նշենք, որ ըստ Տելեգրամ-ալիքի հրապարակած արբանյակային լուսանկարների, Ադրբեջանը նոր ռազմաբազաներ է կառուցել օկուպացված Բերձորի տարածքում: Մասնավորապես, արբանյակը դրանք ֆիքսել է Գողթանիկ և Վարդուտ գյուղերի հատվածում:

Նշվում է, որ Գողթանիկի հիմնական մասն ավիրվել է, փոխարենը ռազմաբազա է կառուցվել:

Նարե Գնունի