Զոհ կա, մեղավորներ չկան․ «Հրապարակ» 

Զոհ կա, մեղավորներ չկան․ «Հրապարակ» 

«Հրապարակ» թերթը գրում է․ Երեւանի պետական համալսարանում նոյեմբերի 17-ի առավոտը բացվեց ողբերգությամբ․ բուհում հրդեհի բռնկումով պայթյուն էր տեղի ունեցել։ Ժամը 10-ի սահմաններում համալսարանի քիմիայի ֆակուլտետի նկուղային հարկի պոմպակայանի համար նախատեսված սենյակում, որը ԵՊՀ կանաչապատման բաժնի աշխատակիցների համար որպես հանդերձարան կամ պահեստ էր ծառայում, հայտնաբերվեց ԵՊՀ տնտեսական բաժնի 73-ամյա աշխատակցի դին, եւ 3 քաղաքացի վիրավորվեցին, որոնցից մեկը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվեց վերակենդանացման բաժանմունք։ 

Հրդեհի բռնկումով պայթյունի վերաբերյալ պաշտոնական պարզաբանումները տարակուսանքի տեղիք տվեցին։ Ըստ ներքին գործերի նախարարության՝ տեղում իրականացվել է հետախուզում. օդում վտանգավոր գազեր չեն հայտնաբերվել։ Սակայն Այրվածքաբանական ազգային կենտրոն տեղափոխված 2 քաղաքացու մոտ ախտորոշվել է «պոլիտրավմա, քիմիական այրվածք», ինչը նշանակում է, որ պայթյունն առաջացել է կա՛մ գազից, կա՛մ քիմիական նյութերի պայթյունից։ Դեպքի վայրում մի քանի ժամ իրականացրած քննչական գործողություններից հետո վարույթն իրականացնող մարմինը քրեական վարույթ նախաձեռնեց՝ աշխատանքի անվտանգության եւ հակահրդեհային կանոնները խախտելու հոդվածներով։ Քննչական կոմիտեից հրդեհի պատճառների մասին ոչինչ չեն հայտնում։ Պարզ չէ, թե ինչպես են տուժածները քիմիական այրվածք ստացել, եթե պայթյունի սենյակում վտանգավոր գազեր չեն հայտնաբերվել։ 

Մինչ իրավապահները փորձում էին հասկանալ ողբերգական դեպքի պատճառները, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում ցավակցության եւ ներողության փոխարեն շնորհավորական ուղերձ տեղադրեց՝ ուսանողների միջազգային օրվա առթիվ։ Ռեկտորը հետո էլ չանդրադարձավ իր ղեկավարած բուհում կատարված ողբերգությանը։ 

Իսկ Երեւանի պետական համալսարանից, դեպքից կարճ ժամանակ անց, հայտարարեցին, որ նախնական վարկածով պայթյունն առաջացել է հոսանքի տատանումից, սակայն ժամեր անց պաշտոնական գրառմամբ իրենք իրենց ուղղեցին՝ «պատճառը դեռեւս հայտնի չէ»:

Անանուն մնալու պայմանով՝ համալսարանի աշխատակիցներից մեկը մեզ ասաց, որ մահվան ելքով պայթյունի պատճառը, ըստ ամենայնի, գազի արտահոսքն է եղել․ «Համալսարանում աշխատողները գիտեն, որ այստեղ չեն պահպանվում անվտանգության տարրական կանոնները։ Տեսչական մարմնից ստուգում կատարվել է, Աստված գիտի, թե երբ»։

Դեպքի վայրում ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի դեկան Տարիել Ղոչիկյանը նախ նշեց, որ ինքը տեղյակ չէ, թե ինչ է կատարվել նկուղում, քանի որ ֆակուլտետում պահակ չի աշխատում։ Ասաց, որ նկուղը կանաչապատման բաժնի աշխատակիցների համար որպես հանդերձարան է ծառայել. «Վիրավորները կանաչապատման բաժնի բանվորներ են եղել, որոնք նկուղում ամեն օր իրենց հագուստները փոխում են, գործիքները վերցնում ու դուրս գալիս աշխատանքի»։ Պարզվեց, որ քիմիայի ֆակուլտետի դեկանն էլ համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի պես տոնական տրամադրություն ունի։ Հնարավո՞ր է, որ պայթյունը քիմիական փորձարկման հետեւանքով է եղել։ Մեր հարցին ի պատասխան՝ Ղոչիկյանը սկսեց անեկդոտ պատմել․ «Լսեք, մի հատ անեկդոտ կա, որ բերդում նստած բիձեն ասում է՝ ես մուտիլովշչիկ եմ։ Գիտե՞ս էդ անեկդոտը»։ Ի պատասխան՝ լրագրողները հիշեցին, որ դժբախտ պատահարի հետեւանքով մեկ զոհ ու երեք վիրավոր կա։ 

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնից փորձեցինք ճշտել, թե վերջին անգամ երբ են համալսարանում ստուգումներ անցկացրել, արդյո՞ք պահպանվել են հրդեհային անվտանգության կանոնները, ի վերջո, ի՞նչը կարող էր պայթյունի պատճառ դառնալ։ Տեսչական մարմնից առաջարկեցին հարցերը գրավոր ուղարկել։ Ի դեպ, ԵՊՀ-ից տեղեկացանք, որ քիմիայի ֆակուլտետում, գուցե նաեւ մյուս ֆակուլտետներում, օդափոխության համակարգ չի գործում, քիմիականում մշտապես ծանր օդ է կանգնած, որովհետեւ քիմիական տարբեր նյութերի՝ թթուների, ռեագենտների հետ գործ ունեն եւ լաբորատորիաներում փորձեր են անում։

Մեզ ասացին, որ ինչ-որ լսարաններում անգամ դռների վրա անցքեր են բացել, որ օդափոխություն ապահովեն։ Ցավոք, մեր այցելության պահին թույլ չտվեցին, որ բարձրանանք ֆակուլտետ եւ մեր աչքով համոզվենք դրանում։

Չոտնահարելով անձանց անմեղութան կանխավարկածը՝ հույս ունենք, որ այս գործն էլ «ծածկադմփոց» չի արվի, ինչպես արվեց տասնյակ քաղաքացիների կյանք խլած «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական պայթյունի կամ Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհի գործով։ Իսկ համացանցում մարդիկ պահանջում էին ԵՊՀ ռեկտորի հրաժարականը, ով պատշաճ հսկողություն չի ապահովել անվտանգության կանոնները պահպանելու հարցում։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում