Սամվել Բաբայանի հանրահավաքն ավարտվել է․ նախագահից 10 օրերի ընթացքում պատասխան են սպասում

Սամվել Բաբայանի հանրահավաքն ավարտվել է․ նախագահից 10 օրերի ընթացքում պատասխան են սպասում

Սամվել Բաբայանի հրավիրած հանրահավաքն այսօր ավարտվեց։ Տասը օրվա ընթացքում Արցախի նախագահից պատասխան են սպասում՝ հետագա գործողությունները հասկանալու համար։ 

Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության ՊԲ նախկին հրամանատար, Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հանրահավաք էր հրավիրել: Նրա աջակիցները պահանջում են, որ Արցախի իշխանությունները Սամվել Բաբայանին նշանակեն ԱՀ պետնախարար։

«Վճռական քայլերի ենք անցնելու, իրենք նայում են, տեսնում են, թե քիչ ենք, բայց կապ չունի։ Մի 30-45 րոպե սպասենք, չցրվենք,  հետո մի մարդու նման կփակենք բոլոր պետական կառույցների դռները, որպեսզի ստիպենք ստանալ բոլոր հարցերի պատասխանը»,- իր ելույթում ասել էր Բաբայանը։ 

MediaHub-ի տեղեկություններով՝ այսօր այլևս ոչինչ չի նախատեսվում, քանի որ նախագահի պատասխանը տասը օրերի ընթացքում է լինելու։ 

Հիշեցնենք նաև, որ «Արցախի ժողովուրդն է իր ճակատագրի իրավատերը» խորագրով հանրավաքի մասնակիցները հանդես են եկել հայտարարությամբ՝ ԱՀ նախագահից պահանջելով 2020թ․ համապետական ընտրությունների արդյունքներով հանրության վստահության քվեն ստացած խորհրդարանական երկրորդ ուժի՝ «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանին նշանակել Արցախի պետական նախարարի պաշտոնում։

Հայտարարությունում ասվում է.

«Արցախի ժողովու´րդն է իր ճակատագրի իրավատերը» խորագրով հանրահավաքի մասնակիցների
Մենք՝ Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ս․թ․ մայիսի 15-ին ընթացող հանրահավաքի մասնակիցներս, հայտարարում ենք․
Խիստ մտահոգված լինելով Արցախում և նրա շուրջ ստեղծված ռազմաքաղաքական, սոցիալ-տնտեսական, բարոյահոգեբանական իրավիճակի կապակցությամբ,
Անհամաձայնություն հայտնելով իշխանությունների՝ Արցախի մարտահրավերներին և սպառնալիքներին անհամարժեք գործունեությանը,

Անհանգստություն հայտնելով գոյութենական վտանգի պայմաններում Արցախում անհամահունչ ներքաղաքական խմորումների առնչությամբ,

Ինչպես նաև՝

Ընդունելի համարելով 2020թ․ համապետական ընտրությունների արդյունքներով հանրության վստահության քվեն ստացած խորհրդարանական երկրորդ ուժի՝ «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի՝ ստեղծված իրավիճակից ելքի տեսլականը,
Արցախի Հանրապետության Նախագահից պահանջում ենք՝

Սամվել Անդրանիկի Բաբայանին նշանակել պետական նախարարի պաշտոնում և, հիմք ընդունելով «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ԱՀ օրենքի իրավակարգավորումները, վերջինիս օժտել համարժեք լիազորություններով։