Սիրիայում միջէթնիկ հակամարտության շարժում է հասունանում

Սիրիայի սահմանամերձ շրջաններում կրքերը չեն հանդարտվում։ Պատերազմն ուրվականի պես շրջում է առանց այն էլ մասնատված, հյուծված վիրավոր բնակավայրերում։
Մի կողմից Թուրքիան, մյուս կողմից՝ Իսրայելը հանգիստ չեն տալիս բազմազգ սիրիացիներին։
«Այս անգամ թուրքական բանակը հարվածներ է հասցրել քրդական խմբավորումների դիրքերին Ռակկայի շրջանում։ Այո, այս ժողովուրդը կռվում է աշխարհի դեմ։ Ու փոխարենն օգնեն մեզ, դադարեցնեն կրակը, վերականգնեն տարածքային ամբողջականությունը, հակառակը՝ բոլորն իրենց բաժինն են ուզում, և նրանց նպատակը սիրիական պետության անկումն է, իրենց տարածքների ընդլայնումը»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց Դամասկոսում ապրող Ժիրայր Տոնապետյանը։
Սիրիական լրատվամիջոցներն այսօր հաղորդել են, որ թուրքական բանակը ուժեր է կենտրոնացնում Սիրիայի սահմանին։ Անկարան պատրաստվում է հարձակվել սիրիական տարածքում գտնվող Կուբանի շրջանի վրա.
«Մենք լիակատար պաշարման մեջ ենք։ Եթե մարդն ազատ տեղաշարժ չունի, չի կարողանում ելումուտ անել, երբ երկրի սահմաններին պատերազմ է, իսկ ներսում ծայր է առնում միջէթնիկ շարժում, դա նշանակում է, որ այդ երկիրն ընտրել է կործանման ուղին։ Ամեն օր մենք լսում կամ տեսնում ենք անհարիր պատմություններ, այդ թվում մեր՝ գրեթե ամբողջությամբ հայաբնակ Քեսաբի մասին։ Հայ համայնքը փորձում է բոլորիս իր հոգածության մեջ առնել, բայց այստեղ իրավիճակը բավական բարդ է, հնարավորությունները՝ սուղ»,-ասաց Տոնապետյանը։
Սիրիական բնակավայրերում ոստիկանությունը նոր անցագրային կետեր է տեղադրել, այդպիսով վերահսկելով ներքին անվտանգությունը։ Տոնապետյանը և հարյուրավոր այլ հայ ընտանիքներ ցանկություն ունեն լքելու Սիրիան, սակայն օդանավակայանները դեռևս չեն աշխատում։ «Մեծ ցանկություն ունեմ տեղափոխվել Հայաստան, սակայն, դժբախտությունն այն է, որ Հայաստանն էլ կորցնելու վտանգ եմ տեսնում։ Փաշինյանը մարդու ճիգեր ուտող դեմոկրատ է։ Երկու հայրենիքով անտուն ժողովուրդ ենք։ Ամենաբարին հազար չարիք տեսած մեր ժողովրդին»,-հավելեց նա։
Հունան Թադևոսյան