Երրորդ հանրապետության կործանումը Փաշինյանի իշխանության պահպանման գին

Նիկոլ Փաշինյանի երեկվա ասուլիսն, ըստ էության, կապիտուլյացիայի ակտ էր: Հայաստանի փաստացի վարչապետը կետ առ կետ ընդունեց Ադրբեջանի պահանջները՝ իրեն բնորոշ պարծենկոտությամբ ակնհայտ պարտվողականությունը համարելով դիվանագիտական ձեռքբերում:
Փաշինյանի խոսքից կարելի է միանշանակ եզրակացնել, որ ԼՂ-ն կորցնում է սուբյեկտությունը ու «ինտեգրվում» է ունիտար Ադրբեջանին: Երեկ հրավիրված ասուլիսի ժամանակ Փաշինյանը վերահաստատել է՝ 86 հազար 600 քառակուսի կիլոմետրը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը․
«Տեսեք՝ 86,6 հազար քառակուսի կիլոմետրը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը»։
Ուշադրություն դարձրեք՝ Փաշինյանը որևէ խոսք չի ասում ԼՂ սուբյեկտության, անգամ՝ քաղաքական ինքնավարության մասին, ինչը նշանակում է՝ նա ընդունում է Ղարաբաղն «ինտեգրելու» Ալիևի օրակարգը:
Փաշինյանը երեկ նաև փակագծեր է բացել։ 1975 թվականի քարտեզները, որոնց հիմքով կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, ներառում են նաև անկլավները։
Սա նշանակում է, որ Երևան- Թբիլիսի ու Հայաստանի մնացած հատվածից դեպի Սյունիք տանող ճանապարհները հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության տակ:
2021թ-ին Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն իրենց իշխանությունը վերարտադրել էին՝ Արցախին խոստանալով ինքնորոշում «Անջատում հանուն փրկության» բանաձևով:
Փաշինյանը դրժում է իր նախընտրական խոստումները և կառավարության ծրագիրը՝ կորցնելով քաղաքական և բարոյական լեգիտիմությունը:
Ավելի խորքային նկարագրությամբ՝ Փաշինյանի իշխանության պահպանման գինը դարձավ Երրորդ հանրապետության կործանումը:
Վահրամ Բագրատյան