Բաքվի տեղեկատվությունը կրկին ավելի ստույգ էր, քան Փաշինյանինն ու Միրզոյանինը

Բաքվի տեղեկատվությունը կրկին ավելի ստույգ էր, քան Փաշինյանինն ու Միրզոյանինը

Մինչ հայաստանյան փորձագիտական շրջանակները կանխատեսումներ են անում, թե հունիսի 12-ին Վաշինգտոնում սպասվելիք Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը ինչ արդյունքներ կգրանցի, ՀՀ ԱԳ խոսնակն այսօր հայտարարեց՝ հանդիպումը տեղի չի ունենա:

Եվ սա ամենևին էլ զարմանալի չէ: Գոնե մեր համար:

Բաքուն դեռ օրեր առաջ հայտարարեց այն մասին, որ հանդիպումը լինելու է ոչ թե հունիսին, ինչպես անոնսել էր Նիկոլ Փաշինյանը, իսկ Արարատ Միրզոյանը հաստատել, այլ մյուս ամիս:

Փաստացի, այս անգամ ևս Բաքուն ճիշտ դուրս եկավ: Օրերս, հիշեցնենք, Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարեց, որ  ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հերթական հանդիպումը տեղի կունենա հուլիսին Վաշինգտոնում։ Նրա հայտարարության մեջ կարևորը "հերթական" բառն էր, ինչը նշանակում է՝ հաջորդը: Սակայն հայկական կողմը փորձեց դա հերքել, քանի որ դրանից օրեր առաջ Մոլդովայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հունիսի 12-ին է տեղի ունենալու Հայաստանի և Ադրբեջանի արտագին գործերի նախարարների հանդիպումը Վաշինգտոնում։

Թերևս Արարատ Միրզոյանը ստիպված էր իր ղեկավարի տեղեկատվությունը հաստատել. MediaHub-ի հետ զրույցում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԱԺ-ում հաստատել էր Փաշինյանի հնչեցրած ժամկետը. "Հանդիպումը տեղի կունենա հունիսի 12-ին",- ասել էր նա:

Իսկ այսօր, ահա, ՀՀ ԱԳՆ-ից հայտարարում են՝ ադրբեջանական կողմի խնդրանքով մյուս շաբաթ Վաշինգտոնում նախատեսվող քննարկումների հերթական փուլը հետաձգվում է, հանդիպման նոր ժամկետների վերաբերյալ հանրությունը պատշաճ կերպով կտեղեկացվի

Մինչդեռ որքան փնտրեցինք՝ ադրբեջանական մամուլում այդպես էլ չգտանք որևէ հաստատում, որ ադրբեջանական կողմը նման խնդրանքով դիմել է ՀՀ-ին: Փոխարենը կա հղում հայաստանյան ԶԼՄ-ներին, որ ՀՀ ԱԳՆ-ն իրենց խնդրանքով է տեղափոխել հանդիպումը, ինչպես նաև Բայրամովի ավելի վաղ արված հայտարարությունը, որ հանդիպումը տեղի կունենա հուլիսին...