Ալեն Սիմոնյանը նամակը ստացել է, մնացածն էլ հետո կերևա

Ալեն Սիմոնյանը նամակը ստացել է, մնացածն էլ հետո կերևա

Երեկ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց, որ ԱԺ-ն դեռ չի ստացել ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի նամակը, երբ ստանան՝ կարձագանքի։ 

MediaHub-ը հետաքրքրվեց ԱԺ նախագահի խոսնակ Նելլի Ղուլյանից, թե ստացե՞լ են, արդյոք, Մատվիենկոյի նամակը, թե՞ դեռ նորություն չկա այս մասով։ Ի պատասխան՝ Նելլի Ղուլյանն ասաց, որ Ազգային ժողովը նամակը ստացել է այսօր։

Սակայն նա ձեռնպահ մնաց պատասխանել հարցին, թե ինչպե՞ս են վարվելու նամակի հետ՝ պատասխանելո՞ւ են, թե ոչ:

Հիշեցնենք, ելույթ ունենալով Եվրամիության երկրների խորհրդարանների նախագահների համաժողովում՝ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ «համաժողովի ուշադրության կենտրոնում Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա և մերձավորարևելյան հակամարտությունն է»՝ ինքը ցանկանում է հաստատել, որ Հայաստանը «վճռականորեն պաշտպանում է Ուկրաինայի, ինչպես նաև Մոլդովայի, Վրաստանի, Կիպրոսի և բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը»։

Ռուսական կողմի քննադատությունից զատ, Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հանձնարարել էր պատգամավորներին պատրաստել և հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան՝ կապված ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների հետ։

Վահե Մակարյան