Ալեն Սիմոնյանը խաբել է Նիկոլ Փաշինյանին ու հանրությանը․ ԱԺ-ն նախատեսվածից ավելի քիչ մեքենա է կրճատում

Անցյալ տարի, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց պետական ապարատի մեքենաները կրճատելու իր որոշման մասին, Ալեն Սիմոնյանն իր տելեգրամյան ալիքում հայտարարեց, որ 2024 թվականից ԱԺ-ում մեկնարկել է 12 ծառայողական մեքենաների կրճատման գործընթաց, որն ավարտին կհասցվի տարեվերջին։ Այս փաստը Սիմոնյանը փորձեց հանրությանը որպես լավություն ծախել, մինչդեռ դա Նիկոլ Փաշինյանի ուղիղ պահանջն ու հանձնարարականն էր։
Եթե չլիներ Փաշինյանի այդ պահանջը, ո՛չ Ալեն Սիմոնյանը, ո՛չ էլ նրա ընկեր, աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը չէին որոշի կրճատել ԱԺ աշխատակազմի մեքենաները, հատկապես, որ դրա արդյունքում Ալեն Սիմոնյանի մայրիկն ու երեխաները զրկվելու էին պետության հաշվին թանկարժեք ամենագնացով երթևեկելու հաճույքից։ Հիշեցնենք, Ալեն Սիմոնյանի տան անդամներին, մասնավորապես՝ մայրիկին ու երեխաներին ԱԺ-ի կողմից հատկացված 110 HH 01 պետհամարանիշով Toyota Prado ամենագնաց է սպասարկում, որն ամբողջ օրը զբաղված է պետության համար հույժ կարևոր գործերով՝ Սիմոնյանի մորն ու երեխաներին խանութ, դպրոց և մանկապարտեզ տանելով։ Ընդ որում, ԱԺ նախագահի խոսնակը մեզ հետ զրույցում հաստատել էր, որ կրճատվող մեքենաների մեջ նաև այդ Toyota Prado-ն է մտնում։
Դրանից անցել է ավելի քան մեկ ամիս, և մենք դեռ տեսնում ենք, որ այդ մեքենան շարունակում է սպասարկել Ալեն Սիմոնյանի մորն ու երեխաներին։ Այսինքն՝ ԱԺ աշխատակազմն ու Ալեն Սիմոնյանը, ըստ էության, խաբել են այս հարցում։
Բայց միայն այս հարցում չէ, որ խաբել են նրանք հանրությանն ու անձամբ Նիկոլ Փաշինյանին։
MediaHub-ը դեկտեմբերի 16-ին հարցում էր ուղարկել ԱԺ աշխատակազմին՝ խնդրելով տրամադրել ԱԺ հաշվեկշռում առկա և կրճատման ենթակա (կամ արդեն կրճատված) մեքենաների ցանկը։
Նաև հետաքրքրվել էինք, թե այս կրճատումների արդյունքում քանի՞ վարորդ է ազատվել կամ ազատվելու աշխատանքից, ո՞ր պաշտոնյաների կամ հաստիքների վարորդներն են նրանք, արդյոք նրանց առաջարկվե՞լ է այլ աշխատանք, և կա՞, արդյոք, հաշվարկ, թե այս կրճատման արդյունքում ԱԺ աշխատակազմը որքա՞ն գումար է տնտեսելու։
ԱԺ-ից մեզ պատասխանել էին, թե մեր հարցերին կպատասխանեն մինչև այս տարվա հունվարի 15-ը։ Իրենց ասած ժամկետում, իհարկե, ուղարկել են պատասխանը, որը, սակայն, մի մասով թերի է, մյուս մասով էլ կրկին ապացուցում է, որ Ալեն Սիմոնյանը դարձյալ խաբել է հանրությանն ու Նիկոլ Փաշինյանին։ Մասնավորապես, ԱԺ-ից հայտնել են, որ ԱԺ հաշվեկշռում առկա 42 ավտոմեքենայից 10-ը կրճատվել է, որոնք այս տարվա ընթացքում կհանձնվեն Պետգույքի կառավարման կոմիտեին՝ օտարման։
«Կրճատված ավտոմեքենաների վարորդների մի մասը կազատվի աշխատանքից, իսկ ավտոմեքենաների օպտիմալացման արդյունքում կխնայվի 21 մլն 600 հազար դրամ»,- հայտնել են ԱԺ աշխատակազմից։
Նշենք, որ մեր ունեցած հավաստի տեղեկություններով՝ Փաշինյանը մեծ թվով մեքենաների կրճատման ցուցում էր տվել ԱԺ աշխատակազմին, բայց Ալեն Սիմոնյանը ոչ միայն Փաշինյանի որոշած ցանկով չի առաջնորդվել, այլև անգամ իր հայտարարած թիվը չի պահել՝ 12 մեքենա։ Հիմա, ըստ ԱԺ-ից ստացված պատասխանի, կրճատվելու է երկուսով պակաս՝ ընդամենը 10 մեքենա։ Եվ սա այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանը պահանջել էր կրճատել շատ ավելի մեծ քանակությամբ մեքենա, այդ թվում՝ ԱԺ 12 հանձնաժողովների նախագահներին հատկացված մեքենաները, ԱԺ աշխատակազմի ղեկավարին սպասարկող Toyota Camry-ն, պատգամավորների մարզային այցերի համար նախատեսված մի մեքենա, Ազգային ժողովում ՊՊԾ պետին սպասարկող մեքենան, նաև ԱԺ աշխատակազմի այլ պաշտոնյաների սպասարկող մի շարք մեքենաներ՝ խազեր քաշելով դրանց վրա։ Բայց, արի ու տես, Ալեն Սիմոնյանն ու Դավիթ Առաքելյանն էլ իրենց հերթին խազ են քաշել Նիկոլ Փաշինյանի քաշած խազերի վրա՝ անտեսելով իրենց վարչապետի պահանջն ու խաբելով թե՛ Փաշինյանին, թե՛ հանրությանը։ Արդյունքում, ըստ ԱԺ-ից ստացված պատասխանի, ԱԺ ավտոպարկում մնալու են ԱԺ նախագահին, նախագահի տեղակալներին, խմբակցությունների ղեկավարներին, ԱԺ աշխատակազմի ղեկավարին, ԱԺ աշխատակազմին և 6 մշտական հանձնաժողովներին սպասարկող մեքենաները, չնայած որ ԱԺ-ն ունի 12 մշտական հանձնաժողով։ Այսինքն՝ ամեն երկու հանձնաժողովին մի մեքենա է սպասարկելու։
Ինչպես տեսնում ենք, կրճատվող մեքենաների մեջ, հակառակ Փաշինյանի պահանջին, չկա ԱԺ աշխատակազմի ղեկավարին սպասարկող մեքենան։ Հավանաբար Ալեն Սիմոնյանը որոշել է լավություն անել իր ընկերոջն ու Դավիթ Առաքելյանին առանց «պադավատի» չթողնել։ Դեռ պարզ չէ՝ Սիմոնյանի մորն ու երեխաներին սպասարկող մեքենան էլ, ի վերջո, կկրճատե՞ն, թե՞ ոչ։ Բայց որ ԱԺ նախագահն առնվազն իր հայտարարած թվերի մասով խաբել է մեզ, դա փաստ է։
Վահե Մակարյան