Իշխանափոխությունը հայոց բանակը փրկելու միակ տարբերակն է

Իշխանափոխությունը հայոց բանակը փրկելու միակ տարբերակն է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զինված ուժերի բարձրագույն սպայակազմին է ներկայացրել ԶՈՒ գլխավոր շտաբի նորանշանակ պետ, Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Էդվարդ Ասրյանին:

Պատերազմից անցել է 2 տարի՝ ադրբեջանական զորքերը գրավել են ՀՀ սուվերեն տարածքներ, հայաթափում են Արցախը, Շուշիում բարձրացնում են ադրբեջանական դրոշ, կրակում են հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում, իսկ Փաշինյանը նոր է նշանակում ԳՇ պետ: Սա սյուռեալիստական ֆիլմ չէ, ոչ էլ անեկդոտ՝ սա ՔՊ-ի կողմից կառավարվող այսօրվա ՀՀ-ի իրական, ցավալի պատկերն է:

Եթե Ադրեբջանը որոշեր և 2021թ.-ին հարձակվեր Հայաստանի վրա, ով էր ղեկավարելու ՀՀ ԳՇ-ն՝ միգուցե Հովիկ Աղազարյանը, սակայն այդ պարագայում ադրբեջանական զորքերը ոչնչանալու էին ոչ թե հրթիռային հարվածներից, այլ ծիծաղից: Աղազարյանը հայտնի է իր «հումորային» հարցազրույցներով, «մտքերով» և հայտարարություններով:

Հայաստանի ու Արցախի անվտանգային համակարգը ՔՊ-ն աստիճանաբար թուլացրել է սկսած 2018թ.-ից՝ դրա արդյունքում 44-օրյա պատերազմն ունեցավ ցավալի արդյունքներ, իսկ այսօր Սյունիքում ադրբեջանական զորքերն անում են այն, ինչ ցանկանում են: Այսօր Սյունիքը հայկական է, քանի որ այնտեղ են տեղակայված ռուսական զորքերը: ՔՊ-ականները պատերազմից 2 տարի անց «բարեհաճեցին» ԳՇ պետ նշանակել:

Ադրբեջանն ակտիվորեն պատրաստվում է նոր պատերազմի՝ գնելով արդի զինատեսակներ, համատեղ զորավարժություններ անցկացելով Թուրքիայի հետ, իսկ ՔՊ-ականները «խաղաղության դարաշրջան» են կառուցում: 

ՀՀ-ում իշխանափոխությունը նաև բանակը փրկելու միակ շանսն է, քանի որ ՔՊ-ական «բարեփոխումներից» հետո ՀՀ-ն կարող է այլևս բանակ չունենալ: Գործող իշխանություններին անհրաժեշտ է միայն իրենց հնազանդ ոստիկանություն, որը պահելու է Փաշինյանի իշխանությունը, իսկ արտաքին սահմանների անվտանգությունը ՔՊ-ն թողնում է գերտերությունների բարեհաճությանը` «Արևմուտքը կամ ՌԴ-ն թույլ չեն տա, որ Ալիևը հարձակվի» տրամաբանության շրջանակներում:

Վահրամ Բագրատյան