Ռենտգեն սարքի տեղադրման հարցը քննարկված ու ավարտված է. պատգամավոր

Ադրբեջանը շարունակում է պնդել, որ Արցախի հարցը կլուծի ուժի կիրառումով եւ այս պարագայում արցախցիներին թողնել ադրբեջանցիների հետ ուղիղ բանակցությունների, նշանակում է պարզապես վավերացնել Արցախի ադրբեջանացումը․ MediaHub-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը։
Ըստ պատգամավորի՝ Արցախում ստեղծված քաղաքական ճգնաժամի պատճառն այն է, որ կառավարող էլիտան կա՛մ լավ չի հասկանում, կա՛մ նպատակային ձեւով իրական օրակարգից շեղվում է։
«Արցախում ստեղծված խորը ճգնաժամի ֆոնին առաջնային քննարկումները պաշտոնների կամ ռեսուրսների վերաբաշխման շուրջ են ընթանում։ Այսպիսով մեծ հարված է հասցվում Արցախի կենսունակությանը։ Արցախի պաշտոնյաները պիտի ականջներին օղ անեն՝ իրականության մեջ մենք լրիվ այլ խնդիրների մեջ ենք մխրճված։ Ադրբեջանի ղեկավարը 4-5 նախապայման է ներկայացրել, որոնցից միայն մեկն է վերաբերվում Ռուբեն Վարդանյանին։ Գլխավոր խնդիրներն այս պահին վերաբերում են Կաշենի հանքում ադրբեջանական հնարավոր ներկայությանը, Հայաստանն Արցախին կապող միջանցքում Ադրբեջանի կողմից վերահսկողության իրականացմանը։ Ռենտգեն սարքի տեղադրման հարցը քննարկված ու ավարտված է։ Ադրբեջանի նախապայմանները գնալով մեծանում են եւ չեն ավարտվի նույնիսկ այն դեպքում, եթե այս փուլում կոնսենսուս ձեւավորվի»,-ասաց Աբրահամյանը։
Լրագրողի դիտարկմանը, թե ի՞նչ է կարծում, արդյոք Ռուսաստանը դուրս է մնացել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքվող «խաղաղության պայմանագրի» գործընթացից, Աբրահամյանը պատասխանեց, որ այդպես չի կարծում։
Ըստ նրա՝ տարածաշրջանում, իրավիճակի վերահսկման գործընթացքում Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ կա խորը դիմակայություն եւ որոշակի հայտարարություններով արտահայտվում է հենց այդ դիմակայությունը։
«Մնացած առումով Ռուսաստանի ներգրավվածությունն ապահովվում է, բայց թե ինչ պատկեր կլինի 5 ամիս հետո եւ իրականում ո՞վ դեր կստանա բանակցային գործընթացում, դեռ դժվար է ասել»,-նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում: