Տիկին նախարար, վե՛րջ տվեք ձեր մանիպուլյացիաներին. Անահիտ Ավանեսյանը ստո՞ւմ է, թե՞ տեղյակ չէ

Օրերս առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, խոսելով արցախցիներին տրամադրվող անվճար բուժօգնության, ուղեգրերի, հետվիրահատական միջամտությունների, դեղորայքի, աջակցող միջոցների, կրկնակի փորձաքննությունների, փաստաթղթերի բացակայության, պատվաստումների և առաջնահերթ հարցերի մասին՝ վստահեցրել է, որ ինչպես 2024 թվականին, տեղահանվածների համար այս տարի ևս պետպատվերի շրջանակում բուժօգնությունը կշարունակի լինել անվճար։
Արցախցիների շրջանում սա դժգոհությունների թեմա է դարձել, քանի որ 2023 թվականից առ այսօր ՀՀ բուժհաստատություններում որևէ մեկն անվճար բուժում ոչ միայն չի ստացել, այլ նույնիսկ դեղորայք չեն ստացել։
«Առողջապահության նախարարության անվճար բուժօգնության մասին որևէ հիվանդանոցում նույնիսկ տեղյակ չեն՝ գլխավոր բժշկից մինչև սովորական բուժքույր։ Դեռ բլոկադայի ժամանակ մայրս ստամոքսային խնդիր ուներ։ Բուժումը կասեցվել է դեղորայքի պակասի պատճառով։ Տեղահանվելուց հետո, երբ հաստատվել ենք Երևանում, հաջորդ օրը գնացել ենք հիվանդանոց։ Բժշկին տեղյակ եմ պահել առողջապահության նախարարի հայտարարության մասին, սակայն, ասաց ՝ «մեզ ոչ ոք ոչինչ չի ասել, կամ վճարեք 18 հազար դրամ, կամ գնացեք այլ բուժհաստատություն»։ Իհարկե վճարել ենք, ընդ որում՝ 2 անգամ՝ 18 հազար դրամով։ Հետո նշանակվել է դեղորայքը, որը կազմել է 32 հազար դրամ։ Ասել եմ՝ գոնե դեղորայքը հնարավոր չէ՞ տրամադրել, բժիշկն ասաց՝ «սա հիվանդանոց է, դեղատուն չէ»։ Փաստորեն, մեկ այցի համար վճարել ենք 68 հազար դրամ»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց արցախցի Անահիտ Ղուլյանը։
Արցախցի մեր հայրենակիցները չեն դժգոհում առողջապահական հիմնարկից, այլ ավելի շատ այն կեղծիքից, որ նախարարը գեներացնում է ժողովրդին, թե տեղահանվածների առողջապահական կարիքները հոգալու համար կառավարությունը տրամադրել է 4,7 մլրդ դրամ։
«Երբ հայրս սարսափելի ցավերի մեջ է եղել՝ շտապ օգնություն ենք կանչել, վճար են պահանջել, նորից ռենտգեն ու նման 2 հետազոտություն արել ու առանց մի ցավազրկողի հետ ուղարկել տուն։ Մենք վճարել ենք իրենց առանձին, ցավազրկող դեղորայքի համար առանձին, ներարկողին առանձին։ Հիմա Անահիտ Ավանեսյանը կա՛մ խաբում է, կա՛մ տեղյակ չէ ինչ է կատարվում իր ղեկավարած կառույցներում»,- ասում է Անժելա Գաբրիելյանը։
«Անվճա՞ր, լա՜վ էլի։ Նույնիսկ ճնշում չափելու համար են գումար պահանջել հիվանդանոցում, իրենց մատնացույց արած տերմինալով 15 հազար դրամ եմ վճարել, որ իբր հետազոտվեմ։ Հետազոտությունը միայն ճնշումս չափելն ու ժպիտով ճանապարհելն էր։ Ինչ վերաբերվում է ուղեգրերին՝ դրա ճանապարհն էլ եմ անցել։ Ուղեգիրը ձեռքիս շաբաթներով սպասել եմ, որ բժիշկն ընդունի, աշխատողն ասել է՝ «եթե ուզում եք շուտ կանչեն հետազոտեն, պետք է վճարեք»։ Նորից վճարել եմ, հետազոտվել. սա է առողջապահության նախարարի ասած անվճար բուժօգնությունը»,-ասաց Ասկերանի շրջանի բնակիչ Սիլվա Բախշիյանը՝ ավելացնելով, որ հիվանդասենյակի մեկ ամբողջ օրվա համար առաջարկել են 30 հազար դրամ վճարել։
«Առողջապահության նախարարը խոսում է, բայց գումարի դիմաց միայն դիագնոզը որոշում են, դեղատոմսը գրում ու բաց թողնում, թե՝ գնա որտեղից ուզում ես գնիր: Տիկին նախարարին ասեք՝ վե՛րջ տվեք ձեր մանիպուլյացիաներին»,- եզրափակեց նա:
Հունան Թադևոսյան