Կրակոցներ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում. հայտնաբերվել է 1 կրակված և 2 չկրակված փամփուշտ

Կրակոցներ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում. հայտնաբերվել է 1 կրակված և 2 չկրակված փամփուշտ

Այսօր՝ հունվարի  17-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի Արտաշիսյան փողոցում ժամը 22։00-22։20-ն ընկած ժամանակահատվածում կրակոցներ են հնչել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված փողոցի 44 շենքի մոտ ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները հայտնաբերել են գազային ատրճանակից արձակված 1 կրակված և 2 չկրակված փամփուշտ։

Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են դեպքի հանգամանքները, ինչպես նաև՝ արդյո՞ք կրակոցների արդյունքում կա տուժած քաղաքացի կամ քաղաքացիներ։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նախնական որոշ տեղեկությունների ոստիկաններն արդեն տիրապետում են, նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին չենք հրապարակում։