Դատարանն ավարտել է Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջը կալանավորելու միջնորդության քննարկումը

Դատարանն ավարտել է Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջը կալանավորելու միջնորդության քննարկումը

Դատարանն ավարտել է Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջը՝ Անի Գևորգյանին կալանավորելու միջնորդության քննարկումը, որոշումը հրապարակվելու է 17:00-ին: Այս մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց Գևորգյանի փաստաբան Մուշեղ Ալեքսանյանը:

Թե ի՞նչ հոդվածով է Անի Գևորգյանին մեղադրանք առաջադրվել, փաստաբանը չմանրամասնեց, միայն ասաց, որ 17:00-ից հետո կպատասխանի բոլոր հարցերին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Սիներջի» ընկերության գլխավոր տնօրեն ու հիմնադիր Աշոտ Հովհաննիսյանը երկու ամսով կալանավորվել է։ Լուրը MediaHub-ի հետ զրույցում հաստատել էին Հակակոռուպցիոն դատարանից։ Աշոտ Հովհաննիսյանը նաև «Վիցե միսս Եվրոպա-2005» գեղեցկության մրցույթում հաղթած հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանի սկեսրայրն է։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նախօրեին ձերբակալվել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր` Կառլեն Սիմոնյանի կինը` Անի Գևորգյանը: Ըստ մամուլի՝ վերջինս երկար տարիներ աշխատել է IT ամենահայտնի կազմակերպություններից մեկում` «Սիներջիում»` ծրագրերի ղեկավար է եղել: Մոտ մեկուկես տարի առաջ «Սիներջին» էկոնոմիկայի նախարարության հայտարարած տենդերներից մեկին է մասնակցել: Մասնակցել են 4 ընկերություն, սակայն տենդերը չեղարկվել է և «Սիներջին» էլ բնականաբար չի հաղթել: Ահա այս չկայացած տենդերն է Անի Գևորգյանի մեղադրանքի հիմքում դրել նախաքննության մարմինը:

«Իրականում, մեզ հայտնի դարձավ, որ 2 մանկահասակ երեխա ունեցող կնոջը փորձում են կալանավորել, որ ցուցմունք կորզեն այսօր ձերբակալված մյուս կանանց դեմ` էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանի և նախարարության վարչության պետի»,- գրել էր «Հրապարակը»:

Մարիաննա Արամյան