Կարապետ Պողոսյանի «անեծքը»՝ Նիկոլ Փաշինյանին․ ՔԿ-ն իրավապաշտպանի հետ կապված նոր գործ է ուղարկել դատարան

Գյումրեցի ընդդիմադիր իրավապաշտպան Կարապետ Պողոսյանի կինը՝ Անգին Մալխասյանը, MediaHub-ին ասաց, որ Քննչական կոմիտեն ամուսնու վերաբերյալ նոր գործ է ուղարկել դատարան։
«Ըստ նոր մեղադրանքի՝ Կարապետ Պողոսյանը տարիներ առաջ մի գրառում է արել և նշել, որ «Նիկոլ, դու չպետք է մեռնես, դու պետք է ապրես և զգաս այն ամբողջ ցավը, ինչը մենք են զգացել քո գործողությունների պատճառով»։ Նախաքննության ընթացքում քննիչը դիմել էր ՀՀ փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ և ստացել թիվ 1275423 եզրակացությունը, որտեղ փորձագետը հայտնում է, որ Պողոսյանի արտահայտած մտքում չկա բռնության կոչ կամ քարոզ, միտքը հնարավոր է դիտարկել միայն որպես անեծք»,- ասաց Անգին Մալխասյանը։
Կնոջ խոսքով՝ փաստացի չկա որևէ հիմք կամ հանցակազմ, որ նշված գործը գնա դատաքննության, բայց Գլխավոր դատախազության պնդմամբ՝ չի կարճվել։
«Ստացվում է, որ գլխավոր դատախազությունը Կարապետ Պողոսյանի կողմից թվարկված փաշինյանական գործողությունները գնահատում է որպես անեծք և փորձում ենթարկել պատասխանատվության։ Իրականում, այո՛, մենք էլ ենք համարում, որ Նիկոլը անեծք է մեր երկրի գլխին, և նրան պետք է դատել, բայց հենց նրան ու իր թիմին»,- հավելեց կինը:
Նշենք, որ Կարապետ Պողոսյանի նկատմամբ վարչական սահմանափակումներն ու քաղաքական հետապնդումները շարունակվում են։ Հիմնական սահմանափակումը, որ ամիսներ առաջ կիրառել է դատարանը, այն է, որ ընդդիմադիր գործչին սոցիալական ցանցերով արգելվել է բոլոր տեսակի հրապարակումներ կատարելը, կամ հանդես գալ հրապարակային հայտարարություններով, շփվել ԶԼՄ ներկայացուցիչների հետ։
Հունան Թադևոսյան