Իրանն ու ՌԴ-ն ավելի շատ են շահագրգռված Հայաստանի ինքնիշխանության պահպանմամբ, քան ՀՀ իշխանությունը․ հայացք Ռուսաստանից

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Շվեյցարիայի Համադաշնություն, որտեղ հունվարի 14-ին կմասնակցի «Ուկրաինայի խաղաղության բանաձև» 4-րդ հանդիպմանը:
Ստացվում է, որ Հայաստանը աջակցում է Ուկրաինային․ արդյո՞ք այս ամենը կազդի հայ-ռուսական հարաբերությունների վրա․ այս մասին MediaHub-ը զրուցեց ռուս քաղաքագետ Վիկտոր Սապրիկայի հետ։
«Եթե խոսենք Ուկրաինայի նկատմամբ Հայաստանի դիրքորոշման և այս միջոցառմանը մասնակցելու մասին, իհարկե, գրավիչ չէ Ռուսաստանի համար, դա բարեկամական հարաբերությունների դրսևորում չէ։ Դա չպետք է ազդի Եվրասիական տնտեսական միության ներսում հարաբերությունների վրա։ Խնդիրներ, որոնք առկա են Ուկրաինայում խաղաղության հասնելու և հատուկ ռազմական գործողության հաջող ավարտի, այսինքն՝ ընդհանուր առմամբ, մենք պետք է հասկանանք, թե ինչ նպատակներ է հետապնդում Ռուսաստանը։ Առաջին հերթին սա, իհարկե, պայմաններ է ստեղծում Ռուսաստանի Դաշնության ինքնիշխանության, այսինքն՝ նրա սահմանների անվտանգության համար»,- ասաց Սապրիկան։
Նա հիշեցրեց, որ եղել է հայտարարություն, այդ թվում՝ Ադրբեջանի նախագահի կողմից, Հայաստանի որոշ վիճելի տարածքների մասին, «երբ կան կոնկրետ խնդիրներ կապված ՀՀ տարածքային ամբողջականության և անվտանգության հետ»։
«Իրանն ու Ռուսաստանը, հավանաբար, ավելի շատ շահագրգռված են խաղաղության ու անվտանգության, Հայաստանի ինքնիշխանության պահպանմամբ, քան Հայաստանի իշխանությունը՝ հաշվի առնելով Ադրբեջանի ճնշումները և հաշվի առնելով Հայաստանի հավատարմության դրսևորումը դեպի արևմտյան աշխարհին խաղաղության պայմանագրի ստորագրումից առաջ։ Չեմ կարող ասել, թե այժմ Հայաստանը որքանով է հետաքրքրված Ուկրաինայի հետ բարեկամական հարաբերություններով։ Բայց եկեք ընդունենք այն ճշմարտությունը, որ Հայաստանի համար Ուկրաինան ո՛չ տնտեսական, ռազմավարական գործընկեր է»,- ասաց Սապրիկան։
Ռուս քաղաքագետը նշեց, որ Շվեյցարիա մեկնելը առաջին հերթին ոչ թե Ուկրաինայի, ոչ թե Ուկրաինայի ժողովրդի, այլ Արևմուտքի առջև արտաքին քաղաքական խնդիրներ լուծելու և ՀՀ վարչապետի և նախարարների կաբինետի հավատարմությունը դրսևորելու համար է։
Իսկ հարցին, թե արդյո՞ք Ռուսաստանի իշխանությունների կողմից կլինի արձագանք այս հարցի շուրջ, Սապրիկան պատասխանեց, որ պաշտոնական ԱԳՆ-ն իր դիրքորոշումը կարտահայտի, կլինեն մեկնաբանություններ, բայց «սա ոչ մի դեպքում չի ազդի տնտեսական հարաբերությունների վրա, իսկ Հայաստանի համար առաջնահերթություն է տնտեսական համագործակցությունը»։
«Այսինքն՝ ԱՄՆ-ն ու Եվրամիությունը պահանջում են առավելագույն աջակցություն ուկրաինական կողմին՝ ռազմական գործողությունները շարունակելու համար։ Հայաստանը չպետք է օգտագործվի որպես Ուկրաինային առավելագույն աջակցություն հայտնող երկիր, որն այժմ պարզապես աջակցություն է փնտրում»,- եզրափակեց նա։
Մարիաննա Արամյան