Բայդենի կողմից ցեղասպանություն եզրույթի օգտագործումը հիմնված է պատմական փաստերի վրա․ ԱՄՆ Պետդեպ

Բայդենի կողմից ցեղասպանություն եզրույթի օգտագործումը հիմնված է պատմական փաստերի վրա․ ԱՄՆ Պետդեպ

Թուրքական TRT Haber պետական ​​լրատվական հեռուստաալիքը հարցում է ուղարկել ԱՄՆ Պետդեպարտամենտին ապրիլի 24-ի ելույթի ժամանակ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից «ցեղասպանություն» եզրույթի օգտագործման վերաբերյալ։

Թուրքական հեռուստաալիքը պարզաբանում է խնդրել առ այն, թե «ինչի՞ հիման վրա է Բայդենը պնդում, որ Ուկրաինայում զանգվածային սպանությունները որպես «ցեղասպանություն» որակելու հարցը պետք է թողնվի իրավաբանների միջազգային հետաքննության հայեցողությանը, իսկ 1915 թվականի իրադարձությունները նա որակում է որպես ցեղասպանություն։ Եվ ինչո՞ւ են ցեղասպանության սահմանման երկու հայտարարությունները, որոնք արվել են մի քանի շաբաթվա տարբերությամբ, տարբերվել միմյանցից, ինչպես ցերեկը ու գիշերը»։

Ըստ թուրքական պետական ​​հեռուստատեսության, պատասխան նամակում ասվում է, որ «1915 թվականի իրադարձությունների առնչությամբ ԱՄՆ նախագահ Բայդենի կողմից «ցեղասպանություն» եզրույթն օգտագործելու պատճառը ԱՄՆ Պետդեպարտամենտի այն ժամանակվա աշխատակիցների զեկույցներն են»։

«Նախագահ Բայդենի կողմից իր հայտարարության մեջ ցեղասպանության սահմանման օգտագործումը հիմնված է պատմական գրառումների վրա, որոնք պատրաստվել են այն ժամանակ Օսմանյան կայսրությունում ծառայող ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնյաների զեկույցներից, և այդ գրառումները համապատասխանում են ժամանակակից հետազոտություններին», - ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական պատասխանի մեջ: