Տներն Ադրբեջանի կազմում են․ Ոսկեպարում 3 տների բնակիչներին սեփականության վկայական չեն տալիս․ ի՞նչն է պատճառը

Տավուշի մարզի Ոսկեպար համայնքում 3 տների բնակիչներին սեփականության վկայական չեն տալիս՝ պարզաբանելով, որ քարտեզով այդ տները Ադրբեջանի տարածքում են։ MediaHub.am-ը կապ հաստատեց Ոսկեպարի վարչական ղեկավար Իշխան Աղբալյանի հետ, վերջինս նշեց, որ այս թեմայով շատ է խոսել և միայն Կադաստրի կոմիտեն կարող է մեր հարցերին պատասխանել։ Հարցին, թե արդյոք հաստատում է, որ նման խնդիր կա համայնքում՝ վերջինս պատասխանեց, որ հեռախոսը կփոխանցի համայնքապետարանում երկար տարիներ աշխատած մասնագետին, որպեսզի նա պատասխանի մեր հարցերին։ Աշխատակիցը չներկայացավ և նշեց՝ զարմանում է, թե ինչու է այս պատմությունն այդքան տարածվում, եթե ոչ ոք չի բողոքել։
«Վկայականը չեն տալիս, որովհետև էդ տարածքն ադրբեջանական է։ Քարտեզներով՝ այո, հաստատված է։ Իրանք էն գլխից էլ անօրինական են կառուցել էդ տները ադրբեջանական տարածքում։ Վկայական չեն տվել, որովհետև հնարավոր չէր տալը, եթե մի տարածք մեր քարտեզում չկա, ո՞նց կարան վկայական տան»,-ասաց նա։
Հարցին, թե այդ դեպքում որտե՞ղ են գրանցված այդ բնակիչները, աշխատակիցը պատասխանեց՝ անորոշ հասցեում գրանցված են, որպես Ոսկեպարի բնակիչ։
«Բայց դա ի՞նչ կապ ունի»։
Ճշտող հարցին, թե կառուցած տները համայնքից որքան հեռու են, վերջինս պատասխանեց․
«Մենք սահմանամերձ ենք, մեր գյուղից մի մետր հեռավորության վրա է սահմանը, իրենց կառուցած տները հայկական տարածքից 10 մետր են հեռու։ Իրենք կառուցել են սահմանի եզրին, բայց լրիվությամբ ադրբեջանական տարածք է այս պահի քարտեզով։ Բնակիչները չեն բողոքում, իրենք շատ լավ գիտեն, որ դա թուրքի տարածք ա։ Մենք 30 տարի առաջ հետաքրքրվել ենք, որ էդ մարդիկ վկայական ստանան։ Էդ մարդուն ոչ մեկը չի խնդրել, որ գնա թուրքի տարածքում տուն կառուցի, որ մի հատ էլ էսօր փաստի առաջ կանգնի։ Ինքը եթե ժամանակին շինթույլտվության համար դիմեր, կտային, ինքը չի բարեհաճել դիմել, կառուցել ա ու էսօր էլ քաղում ա։ Ինքը չի բողոքում, սովորական ապրում ա էդ մարդը։ Իր իրավունքները ոչ մեկը չի սահմանափակում, չի ասում՝ դուրս եկեք, հիմա, թե ինչի ա պրոբլեմ դառել, չգիտեմ, ամբողջ ՀՀ-ն էդ ա քննարկում»։
Լիաննա Թորոսյան