Երկու տարի՝ առանց Գրիգորիչի․ հարգանք վաստակած ԱԺ նախագահ, որի պակասը զգացվում է այսօր

Երկու տարի՝ առանց Գրիգորիչի․ հարգանք վաստակած ԱԺ նախագահ, որի պակասը զգացվում է այսօր

Այսօր Ազգային ժողովի նախկին նախագահ Գալուստ Սահակյանի մահվան երկրորդ տարելիցն է։ Նա իր մահկանացուն կնքեց 2022 թվականի դեկտեմբերի 18-ին։ 

Գալուստ Սահակյանը կամ Գալուստ Գրիգորիչը, ինչպես հաճախ դիմում էին նրան իր կուսակից ընկերները, հիրավի հարգանքի արժանի քաղաքական, պետական գործիչ էր, պատգամավոր և Ազգային ժողովի նախագահ։ Եվ այդ հարգանքը նա վաստակել էր։ Ու վաստակել էր ոչ միայն իր ընկերների, թիմակիցների, քաղաքական համախոհների շրջանում, այլև իր քաղաքական հակառակորդների, ընդդիմադիրների, իրեն քննադատողների և, որ պակաս կարևոր չէ, լրագրողների ու մամուլի կողմից։ 

Գրիգորիչն այնպիսի գործիչ ու ԱԺ նախագահ էր, ինչի պակասն այսօր շատ խիստ է զգացվում խորհրդարանում։ Զուգահեռներ անցկացնելն անգամ ամոթ է Գալուստ Սահակյանի ու ներկայիս Աժ նախագահի կամ այօրվա իշխանության ղեկին հայտնված քաղաքական, իբրև թե պետական գործիչների միջև։ Իսկ Գրիգորիչը քաղաքական ու պետական գործիչ լինելուց զատ՝ պետականամետ, պետությանն ու հայրենիքին նվիրված, հայրենասիրության ու անկախության գաղափարով տոգորված և բոլորի մեջ այդպիսի արժեքներ սերմանող գործիչ էր։ Այս ամենի կողքին՝ նրա մեջ մանկավարժն ու մարդն էր խոսում, նա բոլորի հետ շփվում էր ուսուցչի, մանկավարժի, հաշտեցնողի և ուսուցանողի դիրքերից։ Թեպետ մի առիթով ասել է, թե երբեք չի մտածել, որ քաղաքական գործիչ կդառնա, քանզի ինքը մանկավարժ է եղել ու դպրոցի տնօրեն, բայց քաղաքական գործիչ դառնալով էլ՝ նրա մեջ չվերացավ մանկավարժին, ուսուցչին հատուկ հատկանիշները։ Ազգային ժողովի նիստերն էլ հենց այդ ոճով էր վարում՝ վեճերը հաշտեցնելով, մեծահոգաբար, «չարաճճիներին» ինչ-որ տեղ դաստիարակելով։

Որպես լրագրող՝ չեմ հիշում մի դեպք, որ նա կոպտի լրագրողներին, վիրավորի, մերժի հարցազրույց տալ, կամ, երբ ԱԺ նախագահ էր և ի պաշտոնե թիկնապահներով էր շրջում, երբևէ չի եղել, որ ի ցույց դնի իր՝ թիկնապահներով շրջողի առավելությունը։ Միշտ սաստում էր թիկնապահներին, երբ նրանք որևէ իրավիճակում կարող է խոչընդոտեին լրագրողներին, թույլ չտային, որ մոտենայինք իրեն, հարցեր ուղղեինք։ Որքան էլ Գրիգորիչի կյանքն ուտում էինք մեր ամենասուր հարցերով, միշտ բոլորիս հարցերին պատասխանում էր հանդարտ տոնով, հարգալից, առանց որևէ ավելորդ էմոցիայի, էլ չենք ասում՝ ագրեսիայի, կոպտության։ 

Նրա կենդանության, առավելևս՝  պաշտոնավարման օրոք Գալուստ Սահակյանի հասցեին թերևս այսպիսի դրական խոսքեր չգրեի, մասնագիտության բերումով և հայացքների թելադրանքով՝ նախընտրում եմ պաշտոնյաներին քննադատել, ոչ՝ գովաբանել, և դա ճիշտ է, կարծում եմ։

Չափազանց նուրբ և յուրահատուկ հումոր ուներ, որը համեմված էր գրիգորիչական բարությամբ, ու նաև դա էր ստիպում մեզ՝ բոլորին աջ ու ձախ քննադատող լրագրողներիս, Գալուստ Սահակյանին մի քիչ այլ՝ իր պես բարի աչքով նայել, անխնա չքննադատել, որքան էլ, որ ինքը՝ որպես իշխանության մաս և կոնկրետ քաղաքական թիմի անդամ, կարող էր արժանանալ քննադատության։ Հավատացեք, այսօր քիչ քաղաքական գործիչներ կան այս իշխանության մեջ, որ այդ հարգանքը ունեն և վաստակել են լրագրողների շրջանում։ 

«Արմքոմեդիի» տղաները Գալուստ Սահակյանին «Մաեստրո» անունով էին կնքել, նա էլ դրանից վատ չէր զգում, իր հասցեին հնչած քննադատություններին և հումորային մեկնաբանություններին ևս հումորով էր վերաբերվում՝ առանց չարության ու քինախնդրության։ Այսօր դրա պակասը ևս զգում ենք խորհրդարանում ու մեր նորօրյա քաղաքական գործիչների շրջանում։

Գալուստ Սահակյանի տեսակը դեռ երկար կհիշվի քաղաքական, լրատվական դաշտում, քանզի Գրիգորիչի տեսակի պակասը շատ է զգացվում այսօր։ Նա Հայաստանի ամենակոլորիտային և յուրահատուկ ԱԺ նախագահն էր, թող լույս իջնի նրա շիրիմին։ 

Վահե Մակարյան