Երբ եկեղեցու պատերի տակ քեզ անիծում են․ մուրացկանների «բեսպրեդելը»

Երբ եկեղեցու պատերի տակ քեզ անիծում են․ մուրացկանների «բեսպրեդելը»

Հայ առաքելական սուրբ եկեղեցի գնալն անգամ, այս օրերին, հավատավոր ժողովրդի համար խնդրի է վերածվել։ Խոսքը հատկապես եկեղեցական տոների օրերին պատարագի մասնակցելու համար եկեղեցու բակ մուտք գործելու մասին է։

Դեռ չես հասցրել եկեղեցու մուտքին մոտենալ, քեզ ուղղակի շրջափակում են տարածքում առևտուր անող, այս կամ այն օրհնանքը գումարի դիմաց շռայլող, իսկ գումար չտալու դեպքում անեծքների տրցակից քեզ համարժեքն ուղղող քաղաքացիները, որոնց «ճիրաններից» ազատվելը, հավատացեք, բավականին բարդ գործ է։

«Մի հատ նկար առ», «Իմ տված մոմը որ վառես, հաստատ մուրազդ կկատարվի», «Այ անխիղճ, հիվանդ երեխա եմ պահում, գոնե օգնի․․․, ինձնից վատ օր հասնես»․․․ այս և նմանատիպ այլ արտահայտություններով օրեր առաջ՝ Սուրբ Սարգսի պատարագից հետո շրջապատեցին հենց ինձ՝ լրագրողիս, որն ուղղակի ցանկություն ուներ հանրությանը ներկայացնել, թե որքան գեղեցիկ է նշվում Սուրբ Սարգսի տոնը հենց նրա անունը կրող Սուրբ Սարգիս եկեղեցում։

Երբ ուզում էինք մարդկանց հոսքը նկարել ու ցույց տալ, թե ինչքան են շատացել մարդիկ, որոնք կրկին դարձել են դեպ Աստված, նկատեցինք նորափեսային, որը եկեղեցու բակում սպասում էր իր հարսնացուին։ Մտածելով, որ հենց նա այդ պահին սիրո տոնի լավագույն ներկայացուցիչն էր, մոտեցանք և խնդրեցինք կիսվել իր հույզերով։ Սակայն, այդ պահին սիրելիին սրտի թրթիռով սպասող տղային գումար մուրող քաղաքացիներն այնպես էին «շրջափակել», որ մոտենալը գրեթե անհնար էր թվում։ Սակայն, րոպեներ անց մեզ հաջողվեց նորափեսայի դեմ-դիմաց կանգնել, շնորհավորել, ապա հարցնել, թե ավանդույթին հետևելով երբևէ աղի բլիթ կերե՞լ է, և եթե այո, ապա իր ապագա կնոջը երազում տեսե՞լ է, սակայն մեր հարցին պատասխանել, կարելի է ասել, նորափեսայի մոտ չհաջողվեց։ Աջ ու ձախից կրկին եկան ու սկսեցին գումար մուրալ հասակն առած կնոջից մինչև անչափահաս երեխա․․․ Հերթափոխով էին գումար ուզում․ նա՛խ փեսայից, ապա քավորից, հետո արդեն ըստ մարդկանց դասավորվածության՝ հարսանիքի մյուս բոլոր մասնակիցներից։ Եվ այդ շրջապտույտը, թվում էր՝ վերջ չունի։ Եվ երբ, վերջապես, տղան, դիմելով իրեն արդեն չորրորդ անգամ մոտեցած կնոջն ասաց, որ էլ չի կարող տալ, անեծքների տարափ էր, որ ուղղվեց նրան։ 

․․ Դեպքը եզակի չէ, բոլոր եկեղեցական տոներին է այսպես լինում։ Սակայն, խնդրի հետքերով ոչ ոք չի գնում։

Մայր Աթոռից MediaHub-ի հետ զրույցում ասացին, որ իրենք որևէ իրավասություն չունեն այդ քաղաքացիներին տարածքից հեռացնելու, քանի որ եկեղեցին համարվում է հանրային տարածք։ 

«Մենք հորդորում ենք քաղաքացիներին, որ գոնե եկեղեցու պատերից հեռու կանգնեն, սակայն արդյունք չի լինում»,- նշեցին Մայր Աթոռից։
ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունից էլ ասացին՝ եթե հասրակական կարգի խախտման դեպք, կամ հանցագործության մասին ահազանգ է լինում, այդ դեպքում են իրենք գործընթաց սկսում։
Ահա այսպես էլ շարունակելու ենք գնալ եկեղեցի՝ անեծքների տեղատարափի ներքո...

Նարե Գնունի