Աննա Հակոբյանի՝ Մոնակո այցը քննադատած ՀՅԴ-ական Փափազյանի մուտքը ՀՀ արգելել են․Գեղամ Մանուկյան

ՀՀ իշխանությունների այսօրվա քայլը ցույց տվեց, որ բացի Թուրքիայից, Ադրբեջանից, Փափազյանին թշնամի է համարել նաև այս իշխանությունը։
Այս մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով այն հանգամանքին, որ Ֆրանսիայի հայկական ընկերությունները համակարգող խորհրդի նախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան արգելվել է։
«Այս իշխանությունները հարձակվում են ՀՀ տարածքում սեփական քաղաքացիների, քաղաքական ուժերի վրա, այժմ էլ հարձակվել են նաև արտաքին ճակատում սփյուռքահայ հայ դատի, հայոց պահանջատիրության իրավունքների համար պայքարող մարտիկների վրա»,- ասաց Մանուկյանը։
Հարցին` այդ առումով լինելո՞ւ է որևէ իրավական գործընթաց, վերջինս նշեց, որ դեռևս նման տեղեկություն չունի։
Մանուկյանի խոսքով՝ վերջին օրերին Մուրադ Փափազյանն ակտիվ քննադատում էր, հայկական լրատվամիջոցներում բարձրաձայնում էր այն վտանգավորությունը, որ կար Աննա Հակոբյանի՝ Մոնակո ուղևորության հետ կապված, որը կազմակերպել էր Սամսոն Օզարարատը, որը երկար տարիներ հայտնի է թուրքական իշխանությունների հետ սերտ հարաբերություններով և թուրքական շահերի սպասարկմամաբ։
Ճշտող հարցին՝ արդյոք այդ քննադատություննե՞րն են առիթ հանդիսացել Փափազանի նկատմամաբ նման որոշում կայացնելուն, Մանուկյանն ընդգծեց․
«Այս իշխանություններից ոչինչ բացառել պետք չէ, այդ թվում` թուրքական իշխանությունների հետ բանակցություններում նման խոստումներ տալը։ Թուրքիայի դեմ միջազգային լսարաններում ակտիվ քարոզչություն, քաղաքականություն վարող գործիչների մուտքը ՀՀ արգելելը խոսում է հենց դրա մասին»։
Գեղամ Մանուկյանը նշեց նաև, որ Փափազյանի ընտանիքը, որը շատ հայտնի է Ֆրանսիայում Հայ դատի ուղղությամբ տարվող աշխատանքների մասով, միշտ եղել է Թուրքիայի և Ադրբեջանի թիրախում։ Կան փաստական տվյալներ Թուրքիայում պաշտոնապես հրապարակված, որ 80-ականներին Թուրքիայի գաղտնի սպասարկությունները մահափորձ են կատարել Մուրադ Փափազյանի հոր Անրի Փափազյանի նկատմամաբ։
Մանուկյանը տեղեկացրեց նաև, որ ՀՅԴ ԳՄ-ն շուտով հանդես կգա հայտարարությամբ տվյալի առնչությամբ։
Հիշեցնենք, որ ՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր, որ իր մուտքը Հայաստան արգելվել է։
«Ցավով եմ տեղեկացնում, որ երեկ ինձ արգելվել է մուտք գործել Հայաստան: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով՝ Հայաստանում համարվում եմ անցանկալի անձ»: Նա նշել է, որ ոստիկանությունը հորդորել է իրեն վերադառնալ օդանավակայան, որի աշխատակիցները վերցրել են իր անձնագիրը:
«Գիտեի, որ Ադրբեջան և Թուրքիա մուտքս արգելված է և հիմա իմացա, որ արգելվել է մուտք գործել Փաշինյանի Հայաստան: Հայաստանի, հայության և Հայ Դատի համար 40 տարվա պայքարիցս հետո նման իրավիճակում հայտնվելը ուղղակի ցավ է պատճառում ինձ: Նիկոլ Փաշինյանի այս որոշումը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ ինքն իր ստանձնած պատասխանատվության բարձրության վրա չէ: Նա ուժեղ է իրեն զգում, երբ ոստիկաններից պահանջում է Հայ Դատի գործչի վտարել, բայց պատկեացնո՞ւմ եք այս փոքրիկ ղեկավարին Ալիևի և Էրդողանի առաջ»,-գրել է Փափազյանը:
Վերջինս իր գրառումը եզրափակել է՝ «Հայաստանի բնակիչները պետք է ուշ թե շուտ համոզվեն, որ պետք է ձերբազատվել այս ղեկավարությունից, որն ամեն ինչ անում է թուլացնելու Հայաստանը: Սփյուռքը նույնպես կհասկանա: Բայց արդեն ժամանակն է ասելու՝ Կանգ ա՛ռ»:
Մերի Գևորգյան