Ամեն ինչ արվել է յուրաքանչյուր գերի զինծառայողի ճակատագիրը պարզելու համար. Արման Թաթոյան

Ամեն ինչ արվել է յուրաքանչյուր գերի զինծառայողի ճակատագիրը պարզելու համար. Արման Թաթոյան

Պատերազմում անհետ կորածների եւ գերիների հարցով Ռուսաստանի Դաշնության Մարդու իրավունքների ֆեդերալ հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի հետ աշխատանքը եղել է ժամացույցի ճշգրտությամբ՝ եւ՛ հեռախոսային կապի, եւ՛ անձնական հանդիպումների միջոցով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը՝ անդրադառնալով նախկին գործընկերոջ տված հարցազրույցին, որի ժամանակ խոսել է 44-օրյա պատերազմում անհետ կորած հայ զինծառայողների, նրանց հայտնաբերման ուղղությամբ գործադրված համատեղ ջանքերի մասին:

«ՌԴ Մարդու իրավունքների ֆեդերալ հանձնակատարը չափազանց վստահելի գործընկեր է եղել մեզ համար: Մեզ օգնել է ամեն առումով: Իմ կողմից ուղարկված կոնկրետ անուններ ներառող ցուցակները ստանալուց հետո անուն առ անուն քննարկել է ՌԴ կառավարության համապատասխան ներկայացուցիչների, Մոսկվայում տեղակայված Կարմիր խաչի գրասենյակի հետ: Ամեն ինչ արել է ցուցակում ներառված յուրաքանչյուր զինծառայողի ճակատագիրը պարզելու համար»,- նշել է Արման Թաթոյանը։

Նշենք, որ Ռուսարմինֆոյին տված հարցազրույցում Տատյանա Մոսկալկովան նշել էր՝ ցուցակը, որը ներկայացրել է Արման Թաթոյանը, ավելի քան 200 անհետ կորածի անուն է ներառել:

«Ես չեմ կարող ասել, որ բոլորը գտնվել են, բայց որոշները գտնվել են, կոնկրետացվել է նրանց գտնվելու վայրն ու հայտնի է դարձել վերջիններիս ճակատագիրը»,- ասել էր Տատյան Մոսկալկովան՝ պատրաստակամություն հայտնելով շարունակել նախկին օմբուդսմանի հետ ձեւավորված աշխատանքային պրակտիկան։