Կապիկություն է. շուտով «Հայոց պատմություն» առարկան կանվանափոխեն «Հայոց խեղաթյուրված պատմության»

Հայոց ցեղասպանության վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի Շվեյցարիայում արած հայտարարությունները Լեմկինի ինստիտուտը քննադատել և համահունչ է համարել թուրքական ժխտողական նարատիվներին։ Ավելին, ինստիտուտի տարածած հայտարարության մեջ մեջբերվել է Արցախի գործոնը։
«Մեր անհանգստությունները տեղի տվեցին և մեր բողոքի ձայնն այս անգամ էլ լսելի դարձավ։ Վստահ էի, որ այդ հակահայ հայտարարությունն անպատասխան չի մնա, հակառակ թուրք-ադրբեջանական դաշինքի բազմաթիվ բողոքներին, որ ուղղված են Լեմկինի ինստիտուտի դեմ, երբ նախորդ տարի հայտարարվեց, որ Արցախի իրադարձությունները դարձան «ընդունելի ցեղասպանության» նոր դարաշրջանի սկիզբը»,-Mediahub-ին ասում է պատմաբան Մհեր Հարությունյանը։
Իր աշխատանքային գործունեությանը զուգահեռ, Հարությունյանը նաև բազմաթիվ փաստեր է հավաքագրել Հայոց ցեղասպանության, դրա պատճառների ու հետևանքների մասին։
«Այդ տեղեկությունները ստացել եմ առաջին ձեռքից, անգամ գնացել եմ Արևմտյան Հայաստան, հանդիպումներ ունեցել տեղի հայկական համայնքի հետ։ Հիմա կանգնել ու ասել, թե՝ «դեռ պետք է պարզենք», բառիս ուղիղ իմաստով «կապիկություն է։ Տիեզերական մասշտաբի այդ սուտասանը հարվածի տակ է դնում մեր ժողովրդի դարավոր կենսագրությունը, ինքնությունը, պահանջատեր լինելու ցանկությունը։ Չեմ զարմանա, որ մի օր Հայոց պատմություն առարկան անվանափոխեն «Հայոց խեղաթյուրված պատմության»՝ էդպես ավելի դուր կգա Ալիևին ու Էրդողանին»,-ավելացնում է մեր զրուցակիցը։
Նշենք, որ Լեմկինի ինստիտուտը հայտարարության մեջ նշել է, որ երկրի ղեկավարի կողմից հնչող այսպիսի հայտարարությունները խոչընդոտում են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված պայքարին և վտանգավոր աշխարհաքաղաքական իրողություններ են ստեղծում՝ հատկապես Ադրբեջանի կողմից Արցախի հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանության և Հայաստանի դեմ շարունակվող սպառնալիքների ֆոնին։ Ընդգծվել է, որ Փաշինյանի անցյալի նկատմամբ նման վերաբերմունքն ուղղակիորեն ազդում է ներկայի վրա։
Հունան Թադևոսյան