Վաշինգտոնը հավատում է՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը հասանելի է

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերն անդրադարձել է հայ–ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ ՌԴ–ից հնչող հայտարարություններին, թե խաղաղության պայմանագրին հապճեպորեն գնալը նոր կոնֆլիկտներ կստեղծի։
Խոսնակը հայտարարել է՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրիրը հասանելի է՝ «չնայած այս հարցում կողմ չհանդիսացող ցանկացած այլ երկրի մեկնաբանությունների»։
«Ռուսաստանին վերաբերող ոչինչ չենք կարող ասել։ Ավելին, ցանկանում եմ խոսել այն երկրներից, որոնք ուղիղ են կապված հարցի հետ, որոնք հակամարտության կողմերն են։ Մենք ուղիղ ենք աշխատում այդ երկրների հետ, հատուկ բանագնաց Բոնոն նախորդ շաբաթ այցելել է տարածաշրջան, ուղիղ խոսակցություն ունեցել։ Եվ մենք հավատում ենք, որ, ի հեճուկս այլ երկրների մեկնաբանությունների, որոնք այս հակամարտության կողմ չեն, խաղաղության համաձայնությունը հասանելի է, և մենք շարունակելու ենք աշխատել նրանց հետ այս նպատակը հետապնդելով»,– ասել է նա։
Հիշեցնենք՝ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ նշել է՝ «հապճեպ» պատրաստված, «հում» խաղաղ պայմանագիրը տարածաշրջանին հարատև խաղաղություն չի պարգևի։