Այսօր Նիկոլ Փաշինյանը խոսում էր արցախցիների հնարավոր ցեղասպանության մասին․ Ագնեսա Խամոյան

Մենք ադրբեջանական լրատվամիջոցներից ենք իմացել Սարսանգի ջրամբար ադրբեջանցիների այցելության մասին, և դեռ այն ժամանակ ընդդիմությունը մտահոգություն էր հայտնում, թե ինչպե՞ս են ադրբեջանցիները հայտնվել Սարսանգի ջրամբարի մոտ։ Այս մասին Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։ 

Պատգամավորը խոսեց նաև Կաշենի հանքավայրի շուրջ ձևավորված իրավիճակի մասին, երբ ադրբեջանցիները փորձել էին նորխուժել այնտեղ։ Հանքավայրը բազմաթիվ աշխատողներ ունի և մեծ նշանակություն արցախցիների համար, հիշեցրեց նա.

«Ես կհիշեցնեմ դեկտեմբերի 2-ի արտահերթ նիստը, որի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը «հերոսաբար» հայտարարության տեքստից ջնջել էր Արցախի Հանրապետություն և ինքնորոշում ձևակերպումները, մինչդեռ իրենց նախընտրական և կառավարության ծրագրերում խոսվում էր արցախցիների խնքնորոշման իրավունքի մասին»,-ասաց Խամոյանը։ 

Վերջինս նշեց, որ այս մասով բազմիցս ահազանգել են, որ ՀՀ-ն պետք է տեր կանգնի իր ստանձնած պարտավորություններին, պետք է լինի Արցախի անվտանգության երաշխավորը և այսպես վախվորած կերպար չդրսևորի։

«Իսկ այսօր Նիկոլ Փաշինյանը խոսում էր արցախցիների հնարավոր ցեղասպանության մասին և սա այն դեպքում, երբ արցախցիների տարրական իրավունքների պաշտպանությանը այս իշխանությունները վաղուց հրաժարվել են տեր կանգնելուց»,-ամփոփեց Խամոյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։