Մարդասիրությունը երբեք ավելորդ չէ․ Վարդանյանը՝ թուրքերին ուղղված ցավակցության մասին

Միջադեպը պայմանավորված էր նրանով, որ նիստը վարողն ի սկզբանե փորձ էր անում իրեն դրսևորել ոչ թե որպես նիստի նախագահող, այլ՝ որպես պատվիրակության ղեկավար։

Այդ մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով ԵԽԽՎ-ում տեղի ունեցածին, երբ թուրք և ադրբեջանցի պատվիրակները փորձեցին լռեցնել Հայկ Մամիջանյանին, որը բարձրաձայնում էր ադրբեջանական վայրագությունների մասին։ Նրա խոսքով՝ նիստի այդ հատվածը պետք է ավելի չեզոք մարդ վարեր, ինչի մասին ինքը հայտարարել է նաև ԵԽԽՎ նիստերի դահլիճում։

«Իմ կարծիքով հասկանալի էր նման միջադեպի լինելը, և ես բարձրաձայնելու եմ այդ հարցը»,- ասաց Վարդանյանը։

Նա նշեց, որ այս անգամ թուրքերն ու ադրբեջանցիները լիակատար մեկուսացման մեջ էին, իսկ մեր պատվիրակությունը հստակ պաշտպանել է հայկական շահերը՝ անկախ նրանից՝ իրենց հաճելի՞, թե՞ ոչ հաճելի բան է ասում զեկուցողը.

«Որևէ մեկն իրավունք չունի լռեցնել հայ պատվիրակին»,- շեշտեց նա։

Անդրադառնալով Թուրքիայում տեղի ունեցած պայթյունից հետո ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանի ցավակցությանը՝ Վարդանյանը նշեց, որ իրենից պետք է հարցնել, մարդն իրավունք ունի հայտնել իր ցավակցությունը։ Դիտարկմանը, որ նա տարածաշրջանի ժողովրդի անունից էր ցավակցություն հայտնել՝ Վարդանյանն արձագանքեց․

«Մարդասիրությունը երբեք ավելորդ չի լինում։ Այո՛, շատ դեպքեր են լինում, որոնց պետք է արձագանքել։ Ես էլ եմ շատ բաների համար ցավում, որոնց մի մասը բարձրացնում եմ, որոշները՝ ոչ։ Ես ամեն օր ցավ եմ ապրում ամեն տեսակի քննարկումից, որը փորձում է սեպ խրել հայ ժողովրդի միասնականության մեջ»։

Մանրամասները՝ տեսանյութում

Նարե Գնունի