Բաքվի հաշվարկված դեմարշը

Լաչինի միջանցքում երեկ առավոտյան պաշտոնապես տեղի ունեցավ ադրբեջանական անցակետի բացման արարողությունը և բարձրացվեց Ադրբեջանի դրոշը ու սա չնայած այն հանգամանքին, որ ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկրներն առանձին- առանձին դատապարտել էին Բաքվի միակողմանի քայլը:
Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, թե Լաչինի ճանապարհի սկզբնամասում սահմանային անցակետի տեղակայումը կապահովի ճանապարհի թափանցիկությունը և անվտանգությունը:
Բաքվում պրագմատիկ հաշվարկ են կատարել. միջազգային հանրության դատապարտումները մնալու են հռետորաբանության մակարդակում, ինչից անդին չեն հետևելու կոնկրետ քայլեր, որոնք կարող են հարվածել Ադրբեջանի շահերին:
Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի տեղակայման ֆոնին Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար Անդրեյ Վոլկովը պաշտոնանկ է արվել, և նրա փոխարեն նշանակվել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարի խորհրդական, 66-ամյա գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովը։
Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարի փոփոխությունը չի կարող էական ազդեցություն ունենալ Ռուսաստանի տարածաշրջանային, անգամ ղարաբաղյան քաղաքականության վրա: Գեներալները կատարում են այն քաղաքականությունը, որը մշակվում է Մոսկվայում:
Այս առումով՝ տեղին չեն այն էյֆորիկ սպասումները, որոնք գոյություն ունեն գեներալ Լենցովի նշանակման առթիվ:
Մյուս կողմից, նախկին հրամանատար Վոլկովը վաղուց պետք է հետ կանչվեր, որովհետև շրջափակված Արցախում իրականացնում էր կոմերսանտի գործառույթներ:
Այս բոլոր հարցերից, սակայն, առավել սկզբունքային է այն, որ քանդվում է նոյեմբերի 9-ով ձևավորված անվտանգային համակարգը, ինչն, անշուշտ, նոր ռիսկեր է ծնում:
Վահրամ Բագրատյան