Խախտումները պետք է վերացվեն. «Գազպրոմ Արմենիա»-ն արձագանքել է մխչյանցիների դժգոհությանը

Խախտումները պետք է վերացվեն. «Գազպրոմ Արմենիա»-ն արձագանքել է մխչյանցիների դժգոհությանը

Քիչ առաջ MediaHub-ը գրել էր այն մասին, որ Արարատի մարզում մխչյանցիները փակել են Մխչյան-Երևան ավտոճանապարհը:

Ակցիայի մասնակիցներից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ պատճառը «Գազպրոմ» ընկերության՝ ջերմոցներում գազ օգտագործելու արգելքն է։ «Արտաշատի «Գազպրոմը» չի թույլատրում, որ ջերմոցային տնտեսություններում գազ վառեն հաշվիչներով, այսինքն օրինական, իսկ պատճառը չեն ասում, թե ինչն է։ Հիմա, երբ գյուղացիներն ակցիա են անում, եկան գրասենյակից, ասում են՝ «լավ, ոչինչ չենք անում, թողնում ենք գազ վառեք, մենակ թե ճանապարհը բացեք»։ Բայց մենք չենք գնում, սպասում ենք»,– ասել էր նա: 

MediaHub-ը դիմեց նաև «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը, որտեղից պատասխանեցին. 
«ՀՀ Արարատի մարզի Մխչյան և դրան հարակից մի շարք բնակավայրերում բնակչության շրջանում ներտնային գազասպառման համակարգերում նախագծով նախատեսված սպառումից բացի իրականացվում է նաև ջերմոցային տնտեսությունների ջեռուցում (անվտանգության պահանջների խախտմամբ, մասնավորապես ինքնակամ միացումների միջոցով), ինչի հետևանքով գերազանցվում են նախագծով նախատեսված բնական գազի կենցաղային հաշվառման հանգույցների գազասպառման ծավալների թույլատրելի սահմանաչափերը:

Ընկերության մասնաճյուղի մասնագետները ձեռնամուխ են եղել իրականացնել ինքնակամ, ապօրինի փոփոխությունների վերացման և սպառման փաստացի ծավալները նախագծով նախատեսված ծավալներին համապատասխանեցնելու աշխատանքներ, սակայն բնակչության շրջանում ի հայտ են եկել դժգոհություններ, որի արդյունքում խոչընդոտվել է վերը նշված գործառույթների իրականացումը:

Ինչպես անվտանգության պահանջների ապահովման, որին  Ընկերությունը պարբերաբար անդրադառնում է, այնպես էլ սպառած բնական գազի թերհաշվառման դեպքերը բացառելու նպատակով՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն առաջարկում է խնդրահարույց հարցի կարգավորման և նախագծերում համապատասխան փոփոխություններ իրականացնելու նպատակով դիմել Ընկերության համապատասխան ԳԳ մասնաճյուղերի տարածքային տեղամասեր: 
Միևնույն ժամանակ անհրաժեշտ է լրացուցիչ անգամ նշել, որ համաձայն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված բնական գազի սակագների՝ գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսությունների համար սահմանված է և գործում է արտոնյալ սակագին»:

Մարիաննա Արամյան