Բացահայտ արկածախնդրություն

Բացահայտ արկածախնդրություն

Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը Կիևում մասնակցում է Ուկրաինայի առաջին տիկնոջ նախաձեռնությամբ կազմակերպած Առաջին տիկնանց և ամուսինների ամենամյա երրորդ գագաթնաժողովին։

Հակոբյանն արդեն լուսանկարներ է հրապարակել Ֆեյսբուքում՝ հայտնելով, որ օրը սկսվել է պատերազմում զոհված երեխաների հիշատակը ոգեկոչող «Նահատակ երեխաներ» անունը կրող ցուցահանդեսի այցելությամբ։

Ընդ որում, Հայաստանն առաջին անգամ հումանիտար օգնություն է ուղարկում Ուկրաինա, հենց՝ Աննա Հակոբյանի միջոցով:
Պետք է հասկանալ, որ այս գագաթաժողովը Ուկրաինայի գործիքներից մեկն է, որի միջոցով Կիևը փորձում է հակազդել Ռուսաստանին, նպաստել նրա միջազգային ջանքերին:

Փաստորեն, Հայաստանը մասնակցում է Կիևի այդ ջանքերին՝ ըստ էության, ռուս- ուկրաինական պատերազմում խախտելով չեզոքության քաղաքականությունը, որը որդեգրվել էր պատերազմի մեկնարկից:

Խնդիրն այն է, որ այս քայլը Երևանն անում է ոչ թե Ուկրաինայի կամ նրա ժողովրդի նկատմամբ կարեկցանքից ելնելով, այլ քաղաքական ժեստ է անում Ռուսաստանի, Կրեմլի դեմ:
Ռուսաստանը լավ, բարեխիղճ դաշնակից չէ, սակայն դա չի ենթադրում, որ նա չի կարող լինել սարսափելի թշնամի: Ռուսաստանի դեմ կարող ես սուր ճոճել, բայց դրա արդյունքում նոր դաշնակիցներ ձեռք չես բերի:

Նիկոլ Փաշինյանը գնում է բացահայտ արկածախնդրության, որի համար վճարելու են Հայաստանն ու հայ ժողովուրդը:

Վահրամ Բագրատյան