Սա ևս Ալիևի առաջարկն է, որը հալած յուղի պես ընդունում է ՀՀ իշխանությունը

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն առաջարկում է «Հայոց պատմություն» առարկայի անվանումը փոխել «Հայաստանի պատմություն» անվամբ։ Այսպես էր օրերս “հրահանգել” Նիկոլ Փաշինյանը:
Մի քանի օր է, ինչ փորձագիտական շրջանակները բարձրաձայնում են այս հայտարարության խութերի ու իրական վտանգների մասին: Եվ իսկապես՝ եթե Նիկոլ Փաշինյանը ձգտում է մեր իրականությունից վերացնել ամեն հիշատակում Արցախի մասին, ինչպես դա անում է Ադրբեջանը, տարիներ շարունակ միլիոններ ծախսելով պատմական փաստերի խեղաթյուրման վրա, ապա մտահոգվելու տեղիք իսկապես ունենք:
Արցախցի պատմաբան Նունե Սարումյանը ևս MediaHub-ի հետ զրույցում նշեց, որ սա Նիկոլ Փաշինյանի հերթական արշավն է համարում, որն ուղղված է Հայաստանի ու Արցախի դեմ։
Նրա խոսքով, ցավոք, ժողովուրդն աչք փակեց բազմաթիվ անօրինությունների վրա, օրինակ՝ «Հայ եկեղեցու պատմություն» առարկան այլ առարկաների մեջ տարալուծելու մոտեցման վրա․
«Եկեղեցու դեմ ուղղված արշավը հանգեցրեց նրան, որ այսօր նաև «Հայոց պատմություն» առարկան փոխվում է «Հայաստանի պատմություն» անվամբ։ Հիմա հարց, ո՞ր Հայաստանի մասին է խոսքը, այն, որ ամեն օր առիթ-անառիթ նշվում է 29.800 քառակուսի կմ տարածք, որը ամբողջ պատմական Հայաստանի 1/3-րդ մասն էլ չի կազմում, թե՞ նաև Արևմտյան Հայաստանի, որտեղ հայ ժողովրդի պատմությունն է, իր ազգային դիմագծով, մշակույթով, պարտությունների ու հաղթանակների էջերով»,-ասաց պատմաբանը, նշելով, որ դժվար է ընկալել նոր առաջարկը, քանի որ այն երկիմաստ է։
Ինքը լսել ու զայրացել է։ Վստահ է, որ սա հերթական մանիպուլիացիան է ընդդեմ հայ ժողովրդի.
«Արցախը պատմական Հայաստանի 10-րդ նահանգն է։ Արդյո՞ք նոր դասագրքում զետեղված է լինելու Արցախի պատմությունը։ Վստահ եմ, որ ոչ։ Սա ևս Ալիևի առաջարկն է, որը հալած յուղի պես ընդունում է Հայաստանի իշխանությունը»,-հավելեց պատմաբանը։
Հունան Թադևոսյան