Տեղի ունեցածն ընդունում ենք ի գիտություն․ կհետևենք զարգացումներին․ Փաշինյանը՝ Արցախի մասին

Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսեց ԼՂ հայության անվտանգության հարցի մասին։

«Տրամաբանորեն, ենթադրվում է, որ եթե խաղաղապահները նման առաջարկություն են արել, դա ինքնին նշանակում է, որ նրանք ամբողջությամբ այլևս առանց վերապահումների ընդունել են ԼՂ հայության անվտագնության ապահովման ամբողջական պարտավորությունը, ինչով պետք է լիարժեք պայմաններ ապահովեն, որպեսզի ԼՂ հայերը իրավունքը պահպանեն իրենց տներում, իրենց հողի վրա ապրելու և ապրելու արժանապատիվ և անվտանգ»,-ասաց նա։ 
Փաշինյանի ընկալմամբ՝ խաղաղապահների այս հայտարարությունը ենթադրում է նման պատասխանատվություն։ 

«Չնայած, մենք միշտ այդ կարծիքին էինք, որ այդ պատասխանատվությունը 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, ըստ էության, դրված է եղել ՌԴ խաղաղապահ առաքելության վրա, բայց մենք հույս ունենք, որ նման քայլ անելով ՌԴ խաղաղապահ զորախումբը ամբողջությամբ կկատարի իր պարտականությունները, ինչի հետ կապված նախորդ շրջանում մենք ունեցել ենք նաև որոշակի վերապահումներ։ Իմ արձագանքն այն է, որ Հայաստանի Հանրապետության հետ, ըստ էության, կապ չունեցող տեքստում ՀՀ-ի անունը հիշատակելը արդարացնում է երեկվա իմ այն վարկածը, մոտեցումը և գնահատականը, որ ԼՂ-ի դեմ հարձակման նպատակներից մեկը ՀՀ-ն ներքաշելն է ռազմական գործողությունների մեջ և իհարկե, ինձ համար գնահատականը մեկն է, որ եթե հնարավոր լիներ ՀՀ-ին ներքաշել ռազմական գործողությունների մեջ, դրա խորքային թիրախը պետք է լիներ ՀՀ անկախությունը և ինքնիշխանությունը։ Այս առումով, իմ գնահատականը, առնվազն նաև այսօրվա իրադարձությունների համատեքստում գոյության շատ լուրջ իրավունք ունի, բայց դա ինչ-որ առումով իմ գնահատականն է և իմ համոզմունքն է։

Ամեն դեպքում, տեղի ունեցածը ընդունում ենք ի գիտություն և կշարունակենք հետևել զարգացումներին: Վերջին տեղեկատվությունը, որն ինձ հաջողվել է ստանալ ԼՂ-ից, հետևյալն է, որ ռազմական գործողությունների ինտենսիվությունը կտրուկ նվազել է, չենք կարող ասել, որ զրոյացել է, բայց կտրուկ նվազել է և մենք հույս ունենք, որ ռազմական էսկալացիան չի շարունակվի, որովհետև առավելևս այս պայմաններում կայունությունը և ռազմական գործողությունների դադարը շատ կարևոր է։ Մենք կշարունակենք հետևել իրադարձություններին և եթե լրացուցիչ գնահատական և լրացուցիչ ասելիք ունենանք այս առումով, իհարկե, այդ ասելիքը անպայման կկիսենք ձեզ հետ։ Հիմա ամենակարևոր հարցն այն է, որ ԼՂ հայերի իրենց տներում ապրելու իրավունքը լիարժեք կերպով ապահովվի ՌԴ-ի կողմից և գործնական առումով մենք կհետևենք իրադարձություններին և էլի որոշակի գուցե մտքերի փոխանակում կունենանք մեր միջազգային գործընկերների հետ»։

Մանրամասները՝ տեսանյութում