Պետք է երկխոսություն սկսվի Բաքվի ու պաշտոնական Ստեփանակերտի միջև․ ԱԽ քարտուղար
Առաջին անգամ եմ լսում այդ «կառուցողական անորոշության» մասին: Այդ մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով լուրերին, թե քննարկվում է «խաղաղության պայմանագրում» նման դրույթ ավելացնելու հարցը։
Նրա խոսքով՝ հայկական կողմն աշխատում է, որ ամեն բան այդ պայմանագրում հստակ լինի, որ լինի երաշխավորի ինստիտուտ։
«Հայաստանը կողմ է, որ քննարկումներ տեղի ունենան պաշտոնական Ստեփանակերտի ու Բաքվի միջև, և Հայաստանը շարունակում է աշխատել իր միջազգային գործընկերների հետ, որպեսզի այս մեխանիզմը կայանա»,- նշեց Գրիգորյանը։
Հարցին, թե Հայաստանը կոնկրետ ինչ կետեր է առաջարկել, ԱԽ քարտուղարը պատասխանեց՝ հայկական կողմը շարունակում է առաջ տանել այն տեսակետը, թե միջազգային մեխանիզմ պետք է ստեղծվի, որպեսզի Ստեփանակերտի ու Բաքվի միջև տեղի ունենան քննարկումներ ԼՂ-ում ապրող հայերի իրավունքների և անվտանգության շուրջ։ Գրիգորյանը հիշեցրեց, որ Հայաստանն աշխատում է պայմանագրի տեքստի շուրջ, և շուտով մենք այն կփոխանցենք ադրբեջանական կողմին։
Թե ինչ ճանապարհով կփոխանցվի, ԱԽ քարտուղարը դեռևս չգիտի։
Մանրամասները՝ տեսանյութում։