Շարժմանը կմիանան հազարավոր մարդիկ եւ՛ Հայաստանից, եւ՛ Արցախից․ Ռուբեն Վարդանյան

«Արցախի անվտանգության եւ զարգացման ճակատ» հանրային շարժման ներկայացուցիչները՝ Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գլխավորությամբ այսօր հանդես եկան մամուլի ասուլիսով, որի ընթացքում խոսվեց Արցախում ստեղծված իրավիճակի եւ այն հայկական պահելու լուծման բանաձեւերի մասին։ 

«Գործողություններն առանց գաղափարի շատ վտանգավոր են, պետք է հասկանալ, թե ուր ես գնում ու վերջը ինչպես ես տեսնում։ Մենք միավորվել ենք գաղափարի ու նպատակի շուրջ, ուրախ եմ, որ կարողացել ենք մեր կուսակցական շահը թողնել մի կողմ ու լսել միմյանց»,-ասաց Վարդանյանը։ 

Նա շեշտեց, որ  ամեն ինչ անելու են, որպեսզի Արցախը լինի հայկական՝ անվտանգ, ազատ ու երջանիկ։ 

«Մենք պատրաստ ենք մինչեւ վերջ գնալ ամեն քայլի։ Բոլորս միասին պատրաստ ենք մեզ վրա վերցնել այդ պատասխանատվությունը, պատրաստ ենք միավորվել այդ նպատակի շուրջ եւ մեր ուժն ու հնարավորությունը ներդնել այդ գաղափարի շուրջ։  Ես վստահ եմ, որ շարժմանը կմիանան հազարավոր մարդիկ եւ՛ Հայաստանում, եւ՛ Արցախում։ Արցախի հայկական մնալը միայն արցախցու խնդիրը չէ, դա համայն հայության խնդիրն է»,-ընդգծեց Վարդանյանը։ 

Մանրամասն՝ տեսանյութում։