«Քաղաքական ներդաշնակության» նախագահը

«Քաղաքական ներդաշնակության» նախագահը

 

Առաջիկա քառօրյայում խորհրդարանը կընտրի Հայաստանի 5-րդ նախագահին: Այս պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատրյանին, ընդդիմությունը թեկնածու չի առաջադրել և, ըստ տարածված հայտարարության՝ որևէ կերպ չի մասնակցելու ընտրություններին։
Խաչատրյանը նախագահ կընտրվի երկրորդ փուլով․ առաջին փուլում ՔՊ ձայները չեն բավարարում, իսկ ընդդիմության հետ պայմանավորվելու գործնական շանսեր չկան։
Նախագահի ինստիտուտի նշաձողն այս ընտրական գործընթացով էական անկում է գրանցել։
Նախ, Վահագն Խաչատրյանն ակնհայտորեն իշխող քաղաքական թիմի անդամ է ու դժվար է նրան պատկերացնել պետության գլխի չեզոք կարգավիճակում։ Ինչպես Նիկոլ Փաշինյանն է արձանագրել՝ նա կոչված է ապահովել «քաղաքական ներդաշնակություն»։


Իհարկե, նախագահին ընտրում է ԱԺ-ն ու այս դեպքում ընտրողի դերում փաստորեն հանդես են գալիս պատգամավորները, սակայն Արմեն Սարգսյանն, օրինակ, որի ընտրությունը նույնպես երաշխավորված էր, մինչև խորհրդարանական քվեարկությունը շատ ակտիվ շփումներ ունեցավ հասարակական տարբեր խմբերի հետ։ Վահագն Խաչատրյանը այս շփումների ժամանակը չուներ, որովհետև նույնիսկ թեկնածու առաջադրվելուց հետ չհրաժարվեց նախարարի պաշտոնից։
Նույնիսկ իր ոչ բոլոր պոտենցիալ ընտրողների հետ հանդիպեց Խաչատրյանը։ Դարձյալ կատարենք համեմատություն։


2018-ին Արմեն Սարգսյանը չխորշեց հանդիպել խորհրդարանական ընդդիմության հետ՝ անգամ այն պարագայում, երբ գիտեր, որ «Ելք» դաշինքն իրեն չի ընտրելու։ Խաչատրյանը, բնականաբար, բավարար է համարում Փաշինյանի կողմից «օծվելը» ու այդպես էլ «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցություններ չայցելեց ու առաջիկա օրերին էլ ընդդմիադիր պատգամավորների հարցերին չի պատասխանելու՝ վերջիններիս բացակայության հետևանքով։ Նա նաև չի անդրադառնա արտաքին, գլոբալ քաղաքականության հարցերին, որովհետև այդ թեմաներով Հայաստանում անժամկետ «լռության օր» է հայտարարվել։

 

Վահրամ Բագրատյան