Հայտնի են այն երկրները, որտեղ ամենաշատ հյուրանոցներն են կառուցվում

Հայտնի են այն երկրները, որտեղ ամենաշատ հյուրանոցներն են կառուցվում

Ամբողջ աշխարհում հաջորդ տարի նախատեսվում է կառուցել ավելի քան մեկ միլիոն հյուրանոցային համար, սակայն տարածաշրջանների մեծ մասում համավարակի եւ գնաճի պատճառով գործընթացը դանդաղել է, հայտնում է АТОР-ը՝ վկայակոչելով STR խորհրդատվական ընկերության տվյալները։

Ապագա նախագծերի մոտ կեսը Եվրոպայի երկրներում է, իսկ մնացածը Չինաստանում, ԱՄՆ-ում եւ Մերձավոր Արեւելքում։ Փորձագետները վերլուծել են հյուրանոցային շուկայի համաշխարհային զարգացումը 2022 թվականի առաջին 9 ամիսներին։

Սեպտեմբերի դրությամբ Եվրոպայում նախատեսվում է մոտ 505 000 նոր համար կառուցել, ինչը 8,3 տոկոսով պակաս է նախորդ տարվա համեմատ։ Այս ընդհանուր թվից 198 000 համարներն արդեն կառուցվում են, իսկ մոտ 144 000-ը գտնվում է վերջնական պլանավորման փուլում: Առաջատար երկրներն են՝ Գերմանիան (ավելի քան 38 000 համար) եւ Մեծ Բրիտանիան (29 000 համար)։ Ամենաքիչը Իսպանիայում են ցանկանում նոր հյուրանոցներ կառուցել:

Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրներում ընդհանուր առմամբ ծրագրված է ավելի քան 900 000 համար (մինչեւ 2021 թվականի սեպտեմբերը մինուս չորս տոկոս): Նոր հյուրանոցների մեծ մասը կհայտնվի Չինաստանում (գրեթե 312 000) եւ Վիետնամում (ավելի քան 28 000):

Ամերիկայում կառուցման փուլում է 207 000 համար (9,2 տոկոսով պակաս, քան 2021 թվականի սեպտեմբերին), իսկ ընդհանուր առմամբ կհանձնվի ավելի քան 740 000 համար։ Հյուրանոցային նախագծերի մեծ մասը կիրականացվի ԱՄՆ-ում, Մեքսիկայում եւ Կանադայում:

Մերձավոր Արեւելքում եւ Աֆրիկայում նախատեսված սենյակների թիվը տարեկան կտրվածքով աճել է մոտ 19 տոկոսով՝ անցնելով 75 500-ը։ Ըստ STR-ի՝ նոր հյուրանոցների կառուցման ամենամեծ դինամիկան կենտրոնացած է Մերձավոր Արեւելքում։ Այս գործընթացը ղեկավարում են Սաուդյան Արաբիան (39 000 համար) եւ Արաբական Միացյալ Էմիրությունները (32 000): ԱՄԷ-ում նոր հյուրանոցների առաջացման կատալիզատորը Կատարում Ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացումն է:

Սաուդյան Արաբիան հայտարարել է մինչեւ 2030 թվականը 310 000 նոր հյուրանոցային համարների բացման մասին։ Այդ նպատակների համար կծախսվի մոտ 110 մլրդ դոլար։ Մասնավորապես, քննարկվում է օդապարիկների վրա հյուրանոցային համալիրի կառուցումը։ Նոր պրեմիում հյուրանոցներ կհայտնվեն Մերձավոր Արեւելքի պատմության մեջ առաջին Trojena լեռնադահուկային հանգստավայրում, որը կկառուցվի մինչեւ 2026 թվականը՝ ապագայի NEOM քաղաքում՝ Աքաբայի ծոցից 50 կիլոմետր հեռավորությամբ։