ԶՊՄԿ պահնորդին սպանած ադրբեջանցին ցմահ ազատազրկման դատապարտվեց․ պահնորդի որդին կասկածներ ունի 

ԶՊՄԿ պահնորդին սպանած ադրբեջանցին ցմահ ազատազրկման դատապարտվեց․ պահնորդի որդին կասկածներ ունի 

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սպանված պահնորդ Հայրապետ Մելիքսեթյանի որդին՝ Ժորժ Մելիքսեթյանը MediaHub-ին փոխանցեց, որ հորը սպանած ադրբեջանցի զինծառայող Հուսեյն Ախունդովին զմահ ազատազրկման են դատապարտել։ 

«Ես նոր իմացա այդ մասին, դատական նիստը պետք է մի քանի օրից լիներ։ Հետո կասկածելիորեն նիստի օրն առաջ են բերել ու այսօր հրատապ նիստ նշանակել։ Պատճառաբանել են, թե դատախազը դեկտեմբերի 19-ին չի կարող գալ դատական նիստին, քանի որ ուրիշ նիստ ունի, դրանից հետո էլ արձակուրդ է, բայց այսպես թե այնպես, մինչ այդ էլ դատարանի դահլիճում մենք համաձայնել էինք օրը փոփոխել։ Հիմա նիստը կայացել է, իմ դատապաշտպանը գնացել է այնտեղ, ասել, որ տուժողը ներկայանալ չի կարող, ես էլ նույնիսկ գրություն եմ ուղարկել ու հրաժարվել իմ դատապաշտպանից, այսինքն ամեն ինչ արել ենք, որ նիստը չկայանա, որովհետև կասկածելի էր մեզ համար։ Փաստացի, նիստը կայացել է ու ինձ զանգել են, ասել՝ ձեր պահանջը կատարվել ա, ցմահ ենք դատապարտում»,- ասաց Ժորժ Մելիքսեթյանը։ 

Սպանվածի որդու խոսքով՝ իրենց համար կասկածելի է դատարանի շտապողականությունը։

«Էս ամենը մի տեղ տանում է, հնարավոր է, որ նպատակ ունեն Ադրբեջան վերադարձնեն։ Իմ պահանջը կատարել են, վերջ, էլ բողոքարկելու ոչինչ չունեմ ու կոպիտ ասած՝ ես էլ պահանջելու բան չունեմ։ Մենք նիստին չենք եղել, չգիտենք՝ մեր պահանջներից քանիսն է կատարվել, միայն ցմահ ազատազրկման մասին են մեզ փոխանցել։ Մեր հիմնական պահանջն այն էր, որ Ախունդովին տարանջատեն գերիներից ու որպես գերի չընկալեն»,- ընդգծեց նա։ 

Որոշումը հրապարակվել է առանց դատապաշտպանի։ «8 ամիս պայքարում էինք մեկ որոշման համար ու այն այսօր 20 րոպեում կայացնում են»,- ասաց փաստաբանը։

Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին երկու ադրբեջանցի զինծառայողներ հատել էին Հայաստանի պետական սահմանը: Նրանցից մեկը՝ Ագշին Գաբիլի Բաբիրովը, հայտնաբերվել էր Սյունիքի մարզի Աշոտավան համայնքում, որը նշել էր, թե ընկերոջ հետ փախել են իրենց ծառայակիցներից։ Երկրորդ ադրբեջանցին՝ Հուսեյն Ահլիմանի Ախունդովն ավելի ուշ հայտնաբերվեց. 3 օր անց Սյունիքի մարզի Աճանան գյուղում գյուղացիները տարօրինակ մեկին էին նկատել, մոտեցել, պարզել, որ ադրբեջանցի է: Ախունդովին գտնելուց հետո առաջ բերվեց մի վարկած, թե ինքն է սպանել ԶՊՄԿ-ի պահնորդին, քանի որ Հայրապետի հեռախոսը վերջինիս մոտ է եղել։ 

Դատախազությունն ապրիլի 18-ին մեղադրանք առաջադրեց Հուսեյն Ախունդովին նաեւ պահնորդի սպանության համար։ Գերատեսչության փոխանցմամբ՝ ադրբեջանցին իր մոտ ապօրինի պահվող ինքնաձիգից կրակոցներ է արձակել պահնորդի ուղղությամբ, որը մահացել էր: Այնուհետեւ, Հուսեյն Ախունդովը վերցրել է նրա հեռախոսը, ծխախոտն ու կրակայրիչը, փորձել գործարկել կայանված մեքենայի շարժիչը, սակայն չկարողանալով դիմել է փախուստի: Ախունդովն այդ հեռախոսով նկարահանել է նաև տեսաուղերձ այն մասին, որ սպանել է հայի: 

Լիաննա Թորոսյան