ՔՊ-ական «բեսպրեդել»

ՔՊ-ական «բեսպրեդել»

Ազգային ժողովում երեկ մթնոլորտը կրկին շիկացավ:

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը կառավարության ծրագրի կատարողականի մասին ելույթի վերջում հայտարարել է, որ քաղաքական ակցիա է իրականացնում և ի նշան բողոքի՝ չի հեռանալու ԱԺ ամբիոնից։

«Եվ թույլ չեմ տալու երկրի թիվ մեկ ամբիոնից կրկին ստեր հնչեցնեք, կասկածի տակ դնեք Արցախի հայկական լինելը կամ հայ ժողովրդի պատմությունն ընդհանրապես», - ասել է նա՝ հրավիրելով իր հետ համակարծիք գործընկերներին միանալ։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շտապել է հրահանգել անջատել հեռարձակումն ու դահլիճ հրավիրեց անվտանգության աշխատակիցներին, ովքեր բռնի ուժով հեռացրել են ընդդիմադիրներին։

Անվտանգության աշխատակիցները՝ որպես մահակ, բռնության գործիք, ԱԺ-ում օգտագործվում են հեղափոխությունից հետո: Սա Փաշինյանի իշխանության «հեղափոխական նորամուծություններից» մեկն է:

Աշխարհի տարբեր խորհրդարաններում ընդդիմությունը լայնորեն կիրառում է բողոքի այն ձևը, որին երեկ ապավինել էր Թագուհի Թովմասյանը:

Անգամ հետամնաց երկրներում նման դեպքերը չեն վերջանում անվտանգության ծառայության միջամտությամբ՝ սահմանափակվելով տարբեր ճամբարների պատգամավորների ծեծկռտուքով: Այսինքն, անգամ հետամնաց երկրներում անվայելուչ է համարվում ուժայինների մուտքը խորհրդարանի դահլիճ:

Կայացած ժողովրդավարական երկրներում նման ակցիաներն ավարտվում են իշխանության և ընդդիմության դիալոգով, որը կարող է քաղաքական տարբեր հանգուցալուծումներ ունենալ:

Ինչպես տեսնում ենք՝ Փաշինյանի Հայաստանի քաղաքական մշակույթը համեմատելի չէ անգամ հետամնաց երկրների հետ:

Վահրամ Բագրատյան