Ադրբեջանցիները եղբորս սպանել են Գետավանի կենտրոնում, երբ նա փորձել է կանխել հուշարձանի պղծումը 

Ադրբեջանցիները եղբորս սպանել են Գետավանի կենտրոնում, երբ նա փորձել է կանխել հուշարձանի պղծումը 

Նախքան 2023 թվականի սեպտեմբերյան մարտերի վերսկսումը պատերազմի ուրվականը թափառում էր ամբողջ Արցախում։ Մարտակերտի վերին ենթաշրջանի գյուղերի համեմատ ադրբեջանցիները Գետավան են հասել սեպտեմբերի 19-ի գիշերը, նույն օրը գյուղացիները տարհանվել ու տեղափոխվել են այլ գյուղեր։ 

Գետավանի բնակիչ Հարութ Մարտիրոսյանն ասում է, որ գետավանցիների մի մասը գիշերել է Դրմբոնի անտառներում։ 44-օրյա պատերազմից հետո, երբ հանձնվեց Շահումյանի շրջանը, Գետավանը Մարտակերտի վերջին բնակեցված գյուղն էր դարձել, դրանից քիչ հեռու Չարեքտարն էր, որտեղ բնակարանների կառուցման գործընթաց էր տեղի ունենում հետագայում վերաբնակեցնելու ակնկալիքով։ Նախքան Արցախի պաշարումը ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Գետավանով էր անցնում Մատաղիսից Քարվաճառ գնացող ադրբեջանական ավտոմեքենաների շարասյունը։

«Սեպտեմբերի 19-ին սկսված պատերազմն աննախադեպ էր այն առումով, որ թշնամին, խախտելով բոլոր օրենքները, կրակում էր բնակելի տների ուղղությամբ, չխնայելով անգամ բնակիչներին, որտեղ կանայք, երեխաներ ու ծերեր էին։ Բանակի ու աշխարհազորի հետ գյուղի ինքնապաշտպանությանը միացել էին նաև խաղաղ բնակիչները, որովհետև ժամ առ ժամ իրավիճակն անվերահսկելի էր դառնում»,- MediaHub-ին պատմում է Հարութ Մարտիրոսյանը։ 

Նա Գետավանի տղամարդկանց հետ բարձրացել է անտառներ, այնտեղ մասնակցել գյուղի ինքնապաշտպանությանը։ Սակայն, սեպտեմբերի 20-ին կրակի դադարից հետո այլևս գյուղ չեն կարողացել մտնել, քանի որ այնտեղ արդեն ադրբեջանական զորքն էր։ Իրենց ընտանիքներին միացել են անտառային ճանապարհներով։ Հեռախոսակապ չի եղել, դրա համար մեծ մասը միմյանց գտել են ավելի ուշ։

«Երբ արդեն գտանք իրար, հասկացա, որ եղբայրս՝ Արմեն Մարտիրոսյանը չկա։ Նա մնացել էր գյուղում, սակայն կարծում էի, որ տարհանման ժամանակ ինքն էլ էր դուրս եկել»։ 

50-ամյա Արմեն Մարտիրոսյանը մնացել է գյուղում, սպասել մինչև զինվորական եղբայրները՝ Արսենը, Սամվելը, ինչպես նաև գյուղի պաշտպանությանը միացած Հարութը, վերադառնան։

Ապահովության համար նա գնացել է ռուս խաղաղապահների հենակետ։ Երբ նկատել է, որ ադրբեջանցիները պղծում են Գետավանի հերոսների հիշատակին կառուցված հուշահամալիրը, հետևորդի դերում չի կարողացել մնալ։ Եղբոր խոսքով՝ առաջացել է դեպի թշնամական զորքը, փորձել կանխել այդ ամենը, սակայն, նրանք տեղում սպանել են Արմեն Մարտիրոսյանին, 3 անգամ կրակել նրա ուղղությամբ։ 

«Մեր մեծ եղբայրը՝ Պավել Մարտիրոսյանը, ևս արցախյան առաջին ազատամարտի ընթացքում է զոհվել։ Գյուղի դպրոցը կրում է նրա անունը։ Արմենին դուր չի եկել այդ ամենը, հավանաբար փորձել է փրկել գոնե նկարները, բայց ադրբեջանցիները եղբորս սպանել են հենց գյուղի կենտրոնում»։

Արմեն Մարտիրոսյանը Գետավանում պատմություն էր դասավանդում, իսկ վերջին տարիներին աշխատում էր Թարթառ գետի վրա կառուցված ՀԷԿ-ում։ Նա 2 զավակների հայր էր։ 

Արմենին սպանելու ժամանակ Արսենը շրջափակման մեջ էր Հաթերքի դիրքերում։ Դիակը ռուս խաղաղապահները փոխանցել են Հաթերքի տղերքին։ Մինչև Արսենի՝ շրջափակումից դուրս գալը մի քանի հոգով հուղարկավորել են այնտեղ։ Տեղահանվելուց հետո 7 ամիս անց, Մարտիրոսյաններն անհանգստությունից իրենց տեղը չեն գտնում, գոնե Արմենի գերեզմանին մեկ անգամ այցելելու հնարավորություն ունենային...

Հունան Թադևոսյան