Ո՞րն է Էջմիածնում 15-ամյա տղայի մահվան պատճառը

Ո՞րն է Էջմիածնում 15-ամյա տղայի մահվան պատճառը

Մամուլում տարածվում են տեղեկություններ, թե նախորդ ամիս Վաղարշապատի Մաքսիմ Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոցում ծեծկռտուք է տեղի ունեցել, որից հետո հիվանդանոց տեղափոխված 15-ամյա աշակերտն օրեր անց մահացել է։ 

MediaHub-ին, սակայն, հենց դպրոցից աշխատակիցները փոխանցեցին, որ Նարեկ Հովհաննիսյանի մահը կապ չունի միջադեպի հետ։ Միջադեպը չեն հերքում, բայց ասում են՝ ամեն ինչ այնպես տեղի չի ունեցել, ինչպես տարածվում է համացանցում։ 

«Հրմշտոց, այո, տեղի է ունեցել, ֆիզկուլտուրայի դասին վոլեյբոլ են խաղացել, ամեն պարտությանը Նարեկը հայհոյանքով է արձագանքել, դասարանի տղաներն ասել են՝ աղջիկներ կան, մի հայհոյիր, այսպես մի քանի զգուշացում է եղել, հետո երբ Նարեկին սաստել հնարավոր չի եղել, վիճաբանություն է սկսվել, բայց տղան ոչ մի վնասվածք չի ստացել, աչքն է թեթև կարմրել ու հենց ինքը հրաժարվել է օգնությունից»,-ասաց մեր աղբյուրը։ 

Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց դպրոցի տնօրենը՝ Գայանե Սաֆարյանը։ Միջադեպը նոյեմբերի 17-ին է տեղի ունեցել, 20-30 վայրկյան հրմշտոց է եղել, ուսուցիչը սուլիչով դասն ընդհատել է, երկու մանկավարժ երեխաներին բաժանել են, բացատրական աշխատանք տարել ու հաշտեցրել։ 

«Հաշտությունից հետո իրար ձեռքն են սեղմել, տեսախցիկներն ամեն ինչ ֆիքսել են` թե' վիճաբանությունը, թե' դրանից հետո Նարեկի քայլերը, որ ինքն իր ոտքով գնացել է բուժկետ։ Միջադեպը ժամը 10։58 է տեղի ունեցել, ինքը դրանից հետո դասապրոցեսին մասնակցել է, նույնիսկ ակտիվություն է դրսևորել ու նկատողություն ստացել։ 7-րդ ժամից արդեն, մոտավոր ժամը 14։15-ին աջ ու ձախ է նայել ու շատ արագ դուրս վազել դպրոցից ու դասից փախել, բնականաբար բացակա է ստացել»,-պատմեց տնօրենը։ 
Նարեկը հաջորդ օրը՝ շաբաթ հանդիպել է ընկերներից մեկին, խոսել, իր հետ ամեն ինչ նորմալ է եղել, ներկայացրեց Սաֆարյանը՝ շեշտելով, որ տղայի ո՛չ ոտքն է ցավել, ո՛չ մատն է վնասված եղել.

«Եթե միջադեպի արդյունքում վնասված լիներ, հաստատ, ցավեր կունենար, բայց ընկերն էլ ասում է, որ իր հետ ամեն ինչ լավ է եղել։ Շաբաթ օրը տղան հոր հետ գյուղ է գնացել, հիմա այդ ընթացքում թե ինչ է եղել, ոչ մեկը չգիտի, բայց տղայի մատը հավանաբար, այդ ժամանակ վնասվել է։ Երկուշաբթի մայրը տեղյակ է պահել, թե Նարեկի ոտքը ցավում է ու դասի գալ չի կարող, այդ օրը բացակայեց, հաջորդ օրն էլ ասել է, թե կրկին կբացակայի, որովհետև ջերմություն ունի։ Այսպես, բացակայությունների շղթա է սկսվել ու մի քանի օր հետո Երևանի

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն են տեղափոխել, այնտեղ էլ եղունգն են հեռացրել, բժիշկներն ասել են, որ բորբոքում կա ու անհրաժեշտ է պառկել, որպեսզի խնամեն, բայց ծնողները չեն համաձայնել, կրկին Էջմիածին են բերել տղային ու այդ ժամանակ արդեն ոտքն էլ էր ցավում։ Երեխայի վիճակը գնալով վատացել է, հայրն էլ օրեր անց եկել է դպրոց, հետաքրքրվել, թե ինչ վեճ է եղել, ուսուցիչներն ամեն ինչ պատմել են ու հասկացրել, որ հնարավոր չէր այդ ժամանակ լուրջ վնասվածք ստանալ»,-պարզաբանեց Սաֆարյանը։

Սաֆարյանի համար կասկածելի է նաև այն, որ Նարեկի հայրը սկզբում ասել է, թե հեծանիվից է ընկել, հետո վնասվածքի սլաքները տարել դեպի դպրոց, բայց ըստ տնօրենի՝ արյան վարակ ստանալը որևէ կերպ չէր կարող կապ ունենալ հրմշտոցի հետ։

«Եղունգը հեռացնելուց հետո, հավանաբար, արյան վարակ է ստացել, բայց Նարեկին հիվանդանոց տեղափոխելուց հետո նաև ասել են, որ երկկողմանի վիրուսային թոքաբորբ է տանում։ Շնչառական ապարատ են միացրել, որպեսզի արյունը հասցնի մաքրվել»։ 

Նարեկի ընտանիքին շատ են օգնել նաև դպրոցի մյուս աշակերտների ծնողները՝ գնելով թանկարժեք դեղերը։ Դատաբժշկական փորձաքննության արդյունքներն այսօր է պարզ լինելու, բայց պարզվել է, որ տղան նաև առողջական խնդիրներ է ունեցել, կարգ է ունեցել։ 

Տնօրենը նշեց, որ տեղի ունեցածը ողբերգություն է և դպրոցի անձնակազմն էլ ուշքի չի գալիս կատարվածից, բայց նույն ժամանակ պատրաստակամություն են հայտնում լինել ծնողների կողքին։ «Իսկապես, թող մեղավորը պատժվի, նույն ժամանակ մենք էլ ամեն ինչ փորձելու ենք անել, որ մահվան բոլոր հանգամանքները պարզվեն ու վերջ դրվեն բոլոր այն բամբասանքներին, որոնք տարածվում են»,-ասաց Սաֆարյանը։

Լիաննա Թորոսյան