Մամուլը՝ սուրճով

«Հրապարակ» թերթը գրում է․
ArmDaily.am լրատվական կայքը չորս տարվա գործունեությունից հետո դադարեցրել է աշխատանքը․ մոտ մեկ շաբաթ է՝ կայքում գրեթե լուրեր չեն թարմացվում։ Մեզ պատմեցին, որ մեկ շաբաթ առաջ կայքի տնօրինությունը՝ ի դեմս Անի Շեկոյանի, անսպասելի ժողով է հրավիրել եւ կայքի փակվելու մեղքը փորձել բարդել աշխատակիցների վրա։ Ասվել է, որ կայքի աշխատակիցներն այդպես էլ չդարձան «Սասնա ծռերի» գաղափարակիցները, կարծես վարձու աշխատողներ լինեն, չկա էնտուզիազմ, եւ սա է նաեւ իրենց անհաջողությունների պատճառը, ուստի որոշում են կայացնում, որ փակեն լրատվամիջոցը։
«Հրապարակ» թերթը գրում է․
Համաձայն դիվանագիտական որոշ աղբյուրների՝ որոշում է կայացվել, որ 2023 թվականի Խաղաղության նոբելյան մրցանակը շնորհվելու է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին, եթե մինչ այդ նրանք ստորագրեն խաղաղության պայմանագիրը։
«Հրապարակ» թերթը գրում է․
Այսօր՝ 11։00-ին, Սիսիանի ավագանու անդրանիկ նիստն է։ ՏԻՄ ընտրություններից հետո այստեղ որեւէ ուժ չի հաղթահարել «50+1» շեմը եւ չունի միայնակ իշխանություն ստանձնելու, համայնքի ղեկավար ընտրելու մանդատ։ Սակայն սեպտեմբերի 25-ի ընտրություններից հետո՝ մինչ օրս, ավագանի անցած ուժերը միմյանց հետ չեն կարողանում լեզու գտնել։ Այս առումով այսօր դրամատիկ նիստ է սպասվում, հատկապես, որ Սիսիանի մեր աղբյուրներն ասում են, թե անցողիկ շեմը հաղթահարած բոլոր ուժերի առաջին համարները հավակնում են համայնքի ղեկավար դառնալ։
«Հրապարակ» թերթը գրում է․
Սեպտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններից եւ Լոռվա համայնքներում կրած խայտառակ պարտությունից հետո ԱԺ ՔՊ խմբակցությունում Արփի Դավոյանն այլեւս չունի նախկին հեղինակությունը, որ ձեռք էր բերել նաեւ վարչապետի աչքն ու ականջը լինելու շնորհիվ:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
Տրամաբանությունը հուշում է, որ ՌԴ այցելած հայկական պատվիրակության անդամներին ռուսաստանցի գործընկերները առաջին հերթին քաղաքական վեկտորը փոխելու կամ նման մտադրություն ունենալու մասին հարցեր պետք է ուղղեին: Դրա մասին է վկայում նաեւ ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի՝ երեկ արտահայտած միտքն այն մասին, որ Մոսկվան ԵՄ առաքելությունը դիտարկում է որպես Երեւանի եւ Բաքվի հարաբերությունների կարգավորմանը միջամտելու փորձ»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ մոտ մեկ ամիս առաջ Երեւանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին եւ տեղակալներին հենց աշխատասենյակում ծեծի են ենթարկել: Պատմությունը կապված է Երեւանի Կենտրոնում գտնվող խաղահրապարակի հետ. բնակիչները երկար ժամանակ դիմել են Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին, տեղակալներին՝ խնդրելով բարեկարգել իրենց բակի տարածքը, սակայն ոչինչ չի արվել: Մոտ մեկ ամիս առաջ Երեւանի կենտրոնի մի քանի բնակիչներ գնացել են թաղապետարան՝ պարզաբանումներ ստանալու:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
«Վստահաբար կարելի է պնդել, որ Երևանի նախկին քաղաքապետ, կատակերգակ դերասան Հայկ Մարությանի մոնոներկայացումը բավական շեղվել է նախնական սցենարից: Ներկայացման նախնական անսոնսից, որ բավական անհանգստացրել էր քաղաքական դաշտի որոշ ներկայացուցիչներին, բայց փոխարենը մեծ ինտրիգ առաջացրել հասարակության մոտ, բուն ներկայացման մեջ միայն Մարությանի ձեռքի արկղն էր մնացել, ինչն էլ գրկած բեմ է մտնում, ակնդետ նայում իր իսկ՝ քաղաքապետի երդմնակալության օրն արված լուսանկարին ու բացականչում՝ անասուն էլի:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
««Ժողովուրդ» օրաթերթը իր լավատեղյակ աղբյուրներից տեղեկացավ, որ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի, ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ինքնասպանությունների դեպքերով հարուցված քրեական վարույթներով քննությունները վերսկսվել են: