Կարծում ենք՝ պարոն Ֆարխոյանը չի փորձի իրեն դրսեւորել որպես ավելի վատ Մնացական Մարտիրոսյան. Նարեկ Մանթաշյանի պաշտպան

 Կարծում ենք՝ պարոն Ֆարխոյանը չի փորձի իրեն դրսեւորել որպես ավելի վատ Մնացական Մարտիրոսյան. Նարեկ Մանթաշյանի պաշտպան

Որոշ դատավորների նույնիսկ չի էլ հետաքրքրում, թե ինչ կլինի ամբաստանյալների կյանքի, ճակատագրի հետ։ Այս մասին այսօր՝ հուլիսի 20-ին, դատարանի բակում՝ լրագրողների հետ զրույցում ասաց «Այլընտրանք» ՀԿ-ի ղեկավար, «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաեւը։

Անդրադառնալով Մանթաշյանի գործը նախագահող դատավոր Կարեն Ֆարխոյանի գործելաոճին, պաշտպանն ասաց. «Կարծում ենք, որ պարոն Ֆարխոյանը չի լինի ավելի վատ Մնացական Մարտիրոսյան, չի փորձի իրեն դրսեւորել որպես ավելի վատ Մնացական Մարտիրոսյան»։

Ալեքսանդր Կոչուբաեւը շեշտեց, որ իրենք նպատակը մեկն է՝ նշանակել դատաբժշկական համալիր փորձաքննություն՝ պարզելու համար՝ համատեղելի՞ են Նարեկ Մանթաշյանի առողջական վիճակը կալանավորման պայմանների եւ կալանավորման հետ։

Հարցին՝ համատեղելի՞ է ընտրված խափանման միջոց կալանքը Մանթաշյանի առողջական խնդիրների հետ, պաշտպանն ասաց. «Ունենք Կառավարության որոշում, որտեղ սահմանված են հիվանդությունների ցանկ, որոնց ի հայտ գալը կալանավորման հետ անհամատեղելի են։ Դրանցից մեկը ծանր ընթացք ունեցող շաքարային դիաբետն է, որն ախտորոշվել է պարոն Մանթաշյանի մոտ։ 60 միլիգրամ ինսուլինային կախվածությունը արդեն իսկ կալանավորման հետ անհամատեղելի է, իսկ պարոն Մանթաշյանի ինսուլինային կախվածությունը օրական 100 միլիգրամ է»։

Նշենք, որ այս պահին դատարանում ընթանում է Մանթաշյանի գործով դատական նիստը։ Հիշեցնենք, որ Նարեկ Մանթաշյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 225-րդ հոդվածի 1 -ին եւ 2-րդ մասերով՝ այն է զանգվածային անկարգություններ կազմակերպելը եւ դրանց ժամանակ բռնություն գործադրելը ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը։ Լրատվամիջոցներում այն ստացել է «#դրոշի_գործ» անվանումը։