Եթե Հայաստանն ուզում է արդարացնել իր հրաժարումը Արցախից, ավելի լավ է՝ ուղիղ այդպես ասեն․ Բաբայան

Եթե Հայաստանն ուզում է արդարացնել իր հրաժարումը Արցախից, ավելի լավ է՝ ուղիղ այդպես ասեն․ Բաբայան

Առաջիններից մեկը ես էի, երբ ասացի՝ Շուշին ընկել է, որոշ մարդիկ չէին ուզում, որ մենք սա ասեինք: Խնդիրն այն է, որ այս ամենը շատ անհասկանալի է, եթե ներքաղաքական հարցեր են, իրենցից ճշտեք, տեսնենք, թե ինչ են ասում։ Փաստն այն է, որ Արցախից հրաժարվելը Հայաստանի համար կատաստրոֆա է լինելու, սա բոլորը պետք է իմանան։ Պետք չէ իրավիճակը գցել մեկի վրա, մյուսի վրա, որևէ մեկը չէր հրաժարվի Արցախից, որևէ մեկը չի հայտարարել այդ մասին։ Այս մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը՝ խոսելով Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունների մասին։ 

«Իրականում, չեմ ուզում մեկնաբանել, խոսել, մտնել այս ամենի մեջ, որովհետև, գուցե, որոշ ուժեր ուզում են, որ այդ դիսկուրսը մտցնեն, ուշադրություն շեղեն»,-ասաց նա։ 

Դիտարկմանը, թե Փաշինյանը հայտարարում է՝ ՀՀ-ն ու ԼՂ-ն համաձայնել էին մի փաթեթի, ըստ որի՝ ԼՂ-ն պետք է լիներ Ադրբեջանի կազմում, բնակիչներն էլ պետք է կրեին Ադրբեջանի անձնագրեր, իսկ Ադրբեջանը չհամաձայնեց, որովհետև փաթեթի բարձր կարգավիճակը նրանց շատ բարձր էր թվացել, վերջինս արձագանքեց․

«Երբևէ նման բան չի եղել։ Ադրբեջանի հետ փոխկապակցված եղել է մեկ փաստաթուղթ՝ ընդհանուր պետության, որը Ադրբեջանի կողմից մերժվել է. երևի սրա մասին է խոսում, բայց ոչ ճիշտ պատկերացմամբ։ Հայկական կողմը ուներ մեկ պատկերացում, այդ աշխատանքներում ես էլ իմ փոքր ներդրումն ունեմ, որի համար հպարտ եմ։ Տեսեք, բանակցությունների տարբերակները սրանք են եղել՝ փուլային, փաթեթային և ընդհանուր պետության, երբ ընդհանուր պետությունը ներկայացվեց, որպես հիմք ընդունվեց, որպեսզի քննարկվեր։ Հայկական կողմերը մտածում էին, որ Ադրբեջանի հետ հավասարը հավասարի հետ սուբյեկտայնությունը կարող է ինչ-որ կերպ իրավիճակը փոխել, ստեղծել նախադրյալներ և այլն։ Ադրբեջանը սկզբում ընդունեց, հետո սկսեց շահարկել, և ասվեց, որ Արցախն ու Ադրբեջանը էնքան են տարբեր իրարից՝ տարածքով, բնակչությամբ, որ չեն կարող հավասարը հավասարի պես խոսել: Սա Հեյդար Ալիևի առաջարկն էր, նա ասաց, որ աշխարհում չկա նման նախադեպ։ Ես ԱԳՆ-ում բանակցությունների պատրաստման խմբի ղեկավարն էի, այդ ժամանակ մենք օրինակով ցույց տվեցինք, որ իրականում նման նախադեպ կա, որի պատճառով էլ Ադրբեջանն ինքը մերժեց, բայց սա չի նշանակում, որ մենք Ադրբեջանի կազմում ենք եղել։ Լրիվ տարբեր բաներ են և ժողովրդին նման թյուրիմածության մեջ գցել չի կարելի։ Սա մեր ձեռքբերումներից է եղել, որը պետք չէ խեղաթյուրել, մենք հասել ենք նրան, որ Ադրբեջանը չի ուզել մեզ հետ բանակցել որպես հավասարը հավասարի հետ, որևէ փաստաթղթում չի եղել նման բան, որ Արցախը Ադրբեջանի կազմում պետք է լինի և ադրբեջանական անձնագրեր պետք է բաժանվեն։ Չեմ հաասկանում՝ ինչի՞ ենք խոսում բաներ, որոնք չեն եղել», -նշեց Բաբայանը։

Դիտարկմանը, որ Փաշինյանի խոսքով՝ նոյեմբերի 9-ի փաստաթուղթն ավելի լավն էր, քան առաջարկվող մյուսները, որոնցից մեկով նախատեսվում էր Մեղրիի միջանցք, մյուսով՝ Տավուշի անկլավների վերադարձ, Բաբայանն ընդգծեց․ 

«Եթե Հայաստանն ուզում է արդարացնել իր հրաժարումը Արցախից, ավելի լավ է՝ ուղիղ այդպես ասեն, որովհետև որևէ փաստաթուղթ չկա ու չի կարող լինել։ Ստացվում է՝ մենք 30 տարի է քննարկում ենք, թե ինչպես պետք է Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչվի։ Պետք է նախկին նախագահները խոսեն։ Ի՞նչ է նշանակում՝ տարբեր մոտեցումներ կային, ուրեմն Ադրբեջանի մոտեցումը վերցնենք, ասե՞նք՝ հիմք է։ Ադրբեջանն ամեն ինչ է ուզում, հետո՞»,-ամփոփեց նա։

Լիաննա Թորոսյան