Պետությունը չի տրամադրում ճարտարցի ընտանիքին հասանելիք գումարը

Ճարտարից Գորիս տեղափոխված Վարուժանի և Սյուզաննայի ընտանիքը տեղահանությունից հետո կանգնել են մի շարք խնդիրների առաջ։
Վարուժան Հայրապետյանը մասնակցել է հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերին։ Ադրբեջանական վերջին ագրեսիայի ժամանակ՝ եղել է Մարտունու և Ճարտարի դիրքերում։ Փրկվել է հրաշքով։ Այժմ ՀՀ կառավարության կողմից տրամադրվող աջակցություններից չեն օգտվում։
«Պատճառաբանություն են բերում, թե Սյուզաննան գորիսեցի է, ըստ այդմ, նաև երեխաներին հասանելիք գումարները չեն տրամադրում»,-MediaHub-ի հետ զրույցում ասաց Վարուժանը։
Վարուժանն ամուսնացել է 2007 թվականին։ Ճարտար հարս գալուց հետո Սյուզաննան դարձել է Արցախի Հանրապետության քաղաքացի։ Վարուժանի սյունեցի կինն արագ ընտելացել է նոր բնակավայրին ու սկսել նոր կյանքը, որը թեպետ դժվար է եղել Արցախում՝ երջանիկ են եղել իրենց ունեցածով։ Նա լույս աշխարհ է բերել 5 երեխա։
«Իմ հարստությունը իմ 5 երեխաներն են, խոսքը դրա մասին չէ։ Բայց եթե պետությունն աջակցում է բոլորին, ինչո՞ւ պետք է շրջանցի իմ ընտանիքը։ Խնդիրը նրանում է, որ Սյուզաննան ամուսնանալուց անմիջապես հետո դարձել է Արցախի քաղաքացի։ Հիմա ասում են՝ ձեր կինը Հայաստանից է, ուստի նպաստ չենք կարող տրամադրել, անգամ երեխաներն են դուրս մնացել աջակցության ծրագրից»,-ասաց մեր զրուցակիցը։
Ընտանիքը սեփական տրանսպորտային միջոց չունենալու պատճառով Արցախից դուրս է եկել սեպտեմբերի 30-ին և հաստատվել Գորիս քաղաքում։ Մեծ ընտանիքի համար փոքր բնակարան են վարձել, տանտերն իմանալով, որ պետական աջակցության ծրագրից չեն օգտվում, վարձն իջեցրել է։
«Սկզբից տունը 70 հազարով տվեց, հետո դարձրեց 50, որի համար շնորհակալ եմ։ Քանի հիմնական աշխատանք ու եկամուտ չունենք, ուզում եմ այդ հարցը դրական ու օրինական լուծում ստանա»,-նշեց Վարուժան Հայրապետյանը։
Ընտանեկան լուսանկարը՝ շրջափակված Արցախից
Հունան Թադևոսյան