Մամուլը՝ սուրճով

«Հրապարակ» թերթը գրում է․
Երեկ վերջապես տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հանդիպումը: Ուշագրավ է, որ հանդիպմանը հետեւեց ոչինչ չասող պաշտոնական մի հավաստում․ կառավարության խոսնակը հայտարարեց, թե նման հանդիպումները պարբերական բնույթ են կրում։ Այլ մանրամասների, զրույցի բովանդակության մասին ոչինչ հարկ չհամարեցին հաղորդել, ավելին՝ կառավարության կայքում անգամ չոր ինֆորմացիան չտեղադրվեց։
Ի սկզբանե ցանկացել էին, որ վարչապետի հետ հանդիպմանը մասնակցեն պատվիրակության բոլոր անդամները՝ ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը, ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ընդդիմադիր Վահրամ Բալայանը, ԱՀ նախագահի խորհրդական Մասիս Մայիլյանը։
«Հրապարակ» թերթը գրում է.
ԱԺ նախագահի՝ Մոսկվա գործուղման ընթացքում նրա պարտականությունները կատարող փոխխոսնակ Հակոբ Արշակյանը երեկ պատգամավորներին պարգեւատրելու կարգադրություն է ստորագրել՝ «ՀՀ ԱԺ պատգամավորներին խրախուսել միանվագ դրամական պարգեւատրմամբ՝ համաձայն հավելվածի», սակայն ո՛չ հավելված կա եւ ո՛չ էլ պարզ է, թե որ պատգամավորներին, որքան ու ինչի համար են պարգեւատրում։
Ընդդիմադիրները մեզ ասացին, որ իրենք չեն ստացել պարգեւավճար, ավելին` իրենց աշխատավարձն ամեն ամիս խիստ կրճատված է փոխանցվում:
«Հրապարակ» թերթը գրում է.
ՔՊ-ի հետաձգված համագումարը, ըստ ամենայնի, տեղի կունենա հոկտեմբերի 29-ին։ ՔՊ վարչությունը նման որոշում է կայացրել, եւ եթե ֆորսմաժոր չլինի, այլեւս չի հետաձգվի։ Համագումարը կկայանա Մարզահամերգային համալիրում։ Ինչո՞ւ է այդ օրն ընտրվել․ ասացին, որ նոյեմբերից համալիրը նորոգման է կանգնում։
«Հրապարակ» թերթը գրում է.
Վերսանդիկ եւ Հրայր Հակոբյանների 20-21 տարվա ոդիսականը մեկնարկել է 2001 թվականին, երբ Շամպայն-գինիների գործարանի սեփականատեր եղբայրներն Աբովյան 10 հասցեում գտնվող 124.52 քմ բնակելի տունն են ձեռք բերել: Այդ պահին տունը պատմամշակութային հուշարձան էր, որը վերափոխելու իրավունք ոչ ոք չուներ, բայց ընդամենը 1 տարի հետո տունն ընդգրկվել է Հյուսիսային պողոտայի կառուցապատման ծրագրում եւ հանվել հուշարձանների ցանկից, որպեսզի տրամադրվի սիրիահայ Ավետիս Կարագուլյանին՝ Լեւոն Սարգսյանի ընկերոջը։
Նա Երեւանի կենտրոնում երկարաժամկետ կառուցապատում սկսելու ծրագիր ուներ, որը մինչ օրս ավարտված չէ։ Թեեւ օրենքն ասում է` եթե 12 տարում ծրագիրը չի իրականացվել, պետք է չեղարկվի: Ծրագիրը չի իրականացվել, սակայն տնազուրկ դարձած բազմաթիվ ընտանիքներ 20 եւ ավելի տարի մաշում են դատարանների դռներին:
«Փաստ» օրաթերթը գրում է.
Երեկ առավոտյան մենք տեղեկություններ էինք ստանում, որ բավականին լուրջ բունտ է հասունանում մի քանի բուհերում, մասնավորաբար Բրյուսովի անվան պետական համալսարանում և Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում: Բանն այն է, որ, ըստ շրջանառվող տեղեկությունների, կառավարությունը, ի դեմս ԿԳՄՍ նախարարության, գաղտնի նախագիծ է շրջանառում, որով ցանկանում են բուհերի միավորման անվան տակ, որպես առանձին միավոր, փաստացի փակել այս կրթօջախները, ինչի մասին հայտարարեց նաև ԲՊՀ ռեկտորը:
Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողները դասադուլ հայտարարեցին՝ իրենց դժգոհությունը հայտնելով մոտ 87ամյա ավանդույթներ ունեցող բուհը փակելու դեմ, ինչպես նաև կազմակերպեցին օնլայն ստորագրահավաք: Մեր ունեցած հավաստի տեղեկություններով, «փակվող» բուհերում առաջիկա օրերին սպասվում են բողոքի զանգվածային ակցիաներ:
«Փաստ» օրաթերթը գրում է.
COVID-19 համավարակից հետո մոտ 2,5 տարի Հայաստանում ընդհանրապես չէր գործում որևէ ուղիղ չվերթ դեպի Իսրայել: Եվ ահա, մեր ունեցած տեղեկություններով, այս տարվա նոյեմբերի 1-ից Հայաստանի քաղաքացիները երկարատև դադարից հետո կրկին հնարավորություն կունենան ճանապարհորդել Երևան - Թել Ավիվ և հակառակ ուղղությամբ իրականացվող ուղիղ չվերթներով:
«Փաստ» օրաթերթը գրում է.
Երեկ ՀՀ որոշ համայնքներում տեղի ունեցավ նորընտիր ավագանու առաջին նիստը։ Այն համայնքներում, որտեղ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուները պարտություն էին կրել, կամ առավելագույն քվեներ ստացած ուժը կոալիցիա կազմելու խնդիր ուներ, մինչև նիստն ընկած ժամանակահատվածը լուրջ գործընթացներ են տեղի ունեցել։ Հատկապես վերջին մեկ շաբաթվա ընթացքում իշխող ուժի ներկայացուցիչները տեղերում փորձել են հնարավոր բոլոր տարբերակներով «դուրս գալ» հաղթած ուժի ավագանու ցուցակում ընդգրկված մարդկանց վրա։
Ըստ տեղեկությունների, նրանք փորձել են մարդկանց ահաբեկել, շանտաժի ենթարկել ու սպառնալ՝ ստիպելով գաղտնի քվեարկությանը ձայն տալ իշխող թեկնածուի օգտին կամ առնվազն չքվեարկել պոտենցիալ հաղթողի համար։ Իրավիճակը առանձնապես լարված էր հատկապես Սիսիանում և Ալավերդիում
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
Երկու օր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հերթական հանդիպումն է ունեցել արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ: «Ժողովուրդ» օրաթերթը երեկ ամբողջ օրը փորձեց կապ հաստատել վերոնշյալ անձանց հետ ու պարզել՝ ինչ են քննարկել վարչապետի հետ:
Մեզ միայն Խզմալյանի հետ խոսել հաջողվեց, մյուսները, ըստ երեւույթին, ինչ-որ բանից վախենալով կամ կաշկանդվելով, խուսափեցին խոսել կամ կապի դուրս գալ: Շիրինյանը, օրինակ, լսելով, որ լրագրող է զանգահարողը, բավական անքաղաքավարի կերպով ցած դրեց հեռախոսը: ՍԴՀԿ-ից խոստացան՝ Աճեմյանն անպայման կկապվի ու կզրուցի մեզ հետ, Սամվել Բաբայանի կուսակցության ներկայացուցիչ Տերտերյանը կարդաց մեր՝ իրեն ուղղված հաղորդագրությունները, բայց ո՛չ Աճեմյանը, ո՛չ Տերտերյանը կապի դուրս չեկան մեզ հետ:
Տիգրան Արզաքանցյանի, Արամ Սարգսյանի ու Դավիթ Սանասարյանի հետ նույնպես կապ հաստատել չստացվեց:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
Եվրամիության դեսպանները համաձայնել են Հայաստան ուղարկել քաղաքացիական առաքելություն, որը պետք է տեղակայվի Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով՝ վստահությունն ամրապնդելու եւ դելիմիտացիային նպաստելու համար:
Առաքելության անդամները չեն կարող անցնել Ադրբեջան, քանի որ կարող են ենթարկվել ագրեսիայի կամ գերեվարվել, ինչպես ՀՀ քաղաքացիները։ Նրանք զինված չեն, հետեւաբար չեն կարող այդ առումով ազդեցություն ունենալ, եւ նրանց առաքելությունը միայն միջնորդական է։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Հայաստանի առեւտրի խոշոր կենտրոնները խոշորացույցի տակ են։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ստուգումների շարք է սկսել երեւանյան տոնավաճառներում: Մեզ հայտնի դարձավ, որ օգոստոսի 14-ին տեղի ունեցած ուժգին պայթյունից հետո «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեսչական մարմինը նորից ստուգումներ է իրականացրել:
Այժմ ստուգման արդյունքներն ամփոփման փուլում են, առաջիկա օրերին հայտնի կլինի՝ «Սուրմալու»-ն փակվելու է, թե շարունակելու է աշխատել: Չի բացառվում, որ դադարեցվի առեւտրի կենտրոնի գործունեությունը: