Ընդդիմությունը 1645-րդ անգամ փաստում է, որ ՔՊ-ն վատն է․ ի՞նչ արձագանք կլինի երեկվա վիրավորանքներին

Ընդդիմությունը 1645-րդ անգամ փաստում է, որ ՔՊ-ն վատն է․ ի՞նչ արձագանք կլինի երեկվա վիրավորանքներին

Երեկ ԱԺ հայտարարությունների ժամին ՔՊ-ականները, գտնվելով իրենց հիմնական ու բնական ամպլուայի՝ լկտիության և խուլիգանական վարքուբարքի մեջ, հերթական անգամ «շան լափ թափեցին» ընդդիմության գլխին։ Թիրախը էլի, բնականաբար, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանն էր ու նրա որդին՝ Լևոն Քոչարյանը, որի օգնականը, ասացին, ԱԺ միջանցքում բռնություն էր կիրառել ՔՊ-ական լրատվամիջոցի լրագրողի նկատմամբ։ 

Սա առիթ էր, որ ամենավերջին բառերով պիտակավորեն և վիրավորեն Քոչարյանին ու նրա ընտանիքի անդամներին։ Թվում էր, թե ամբիոնից ելույթ ունեցող նիկոլականները պետք է այդ պահին ընդդիմադիր դաշինքի անդամների կողմից համարժեք արձագանքի արժանանային, բայց Քոչարյանի դաշինքի անդամներն այս անգամ ևս կուլ տվեցին վիրավորանքները։ Դահլիճում այդ պահին ներկա էր նաև «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, որը, հիշում եք, իր դիմացի շիշը նետեց ՔՊ-ական Հայկ Սարգսյանի ուղղությամբ այն բանից հետո, երբ վերջինս նրան «արա»-ով դիմեց։ Օհանյանի այս արարքն ընդդիմության թերևս միակ թասիբով և արժանապատիվ քայլն էր, մնացած բոլոր դեպքերում ընդդիմությունն անարձագանք է թողել ՔՊ-ականների կողմից թե՛ իրենց ծեծը, թե՛ հայհոյանքներն ու նվաստացումները։

MediaHub-ը այս թեմայով զրուցել է հենց Սեյրան Օհանյանի հետ՝ հասկանալու, թե ինչ-որ արձագանք լինելո՞ւ է նիկոլական պատգամավորների այս լկտի և անդաստիարակ պահվածքին, թե՞ սա էլ են հերթական անգամ մարսելու։

-Պարո՛ն Օհանյան, այն ելույթները, որ ՔՊ-ականները ունեցան և տեղացին ընդդիմության գլխին, այն վիրավորանքները՝ ձեր դաշինքի առաջնորդի, ձեր թիմակիցների նկատմամբ, ինչ-որ արձագանք ստանալո՞ւ են, թե՞ սա էլ եք հերթական անգամ մարսելու։

-Իհարկե, արձագանք ստանալու են։ Երեկ էլ ելույթների ժամանակ և՛ Արթուր Խաչատրյանը, և՛ Արծվիկ Մինասյանն անդրադարձան դրան։ Ուղղակի ևս մեկ անգամ մենք փաստում ենք, որ գործ ունենք մարդկանց հետ, որոնք առաջինը՝ իրավիճակը ճիշտ չեն կարողանում գնահատել, երկրորդը՝ իրենց մեկնաբանությունները բոլորը միակողմանի են, և եթե խոսքը երեկվա դեպքի մասին է, իհարկե, մենք՝ ինքներս, դատապարտում ենք բռնությունը։ Բայց էդ բռնության դատապարտումը, նախ, միակողմանի չպետք է լինի, և մենք պետք է հասկանանք, որ մեր պատգամավորի օգնականը նման միջադեպից հետո ինքն էր դիմել ոստիկանություն, և ոստիկանությունը մի պահ խնդրել էր, որ ինքը ներկայանա բաժին։ Այսինքն՝ որևիցե մեկը չի խուսափել։ Բայց դատապարտումները միակողմանի չպետք է լինեն։ Իրենց ամեն ինչ կարելի է, օրինակ՝ նույն ԱԺ նախագահի տեղակալը կարող է վիրավորել, հարձակվել լրագրողի վրա, ու ոչ մի արձագանք չլինի։

-Դա՝ մի կողմ։ Բայց Դուք, որ ասում եք՝ «արձագանք լինելու է», ուզում եմ իմանալ՝ ե՞րբ է այդ արձագանքը լինելու։ Երեք տարի է՝ ձեր գլխին ինչ օյին ասես՝ բերում է ՔՊ-ն, է՛լ քացի է տալիս, է՛լ վիրավորում է, հայհոյում է, երեկ էլ վիրավորանքների տարափ տեղաց Ռոբերտ Քոչարյանի ու նրա որդու հասցեին․․․

-Պատասխան կլինի։

-Ե՞րբ։ Իշխանափոխությունից հետո՞, թե՞ առաջ։

-Մենք միշտ էլ պատասխանում ենք անհրաժեշտության դեպքում, բայց շատ դեպքերում էդ անհեթեթություններին, էդ ծաղրածուներին, որ դուրս են գալիս, բեմից ինչ-որ բաներ են խոսում, անհրաժեշտ էլ չէ անդրադառնալ։

-Այդ ամենը ընդդիմության հեղինակության վրա, չգիտեմ՝ ինչ չափի է այդ հեղինակությունը, բայց ստվեր չի՞ գցում։

-Ընդդիմությունն իր աշխատանքն իրականացնում է։

-Ի՞նչ աշխատանք, կոնկրետ ի՞նչ է անում հիմա, օրինակ, այս իրավիճակից դուրս գալու և ՔՊ-ականների այդ լկտիությունը զսպելու համար։

-Մենք, ըստ անհրաժեշտության, պատասխանում ենք և հայտարարություններ անում ենք, դրանով ավարտենք։

-Դուք ասացիք, որ սրանով ևս մեկ անգամ փաստում եք, որ այս իշխանությունը չգիտեմ ինչ է անում։ Իմ մոտավոր հաշվարկներով՝ սա արդեն 1645-րդ դեպքն է, որ դուք փաստում եք, որ այս իշխանությունն այդպիսին է։ 

-Դե, հիմա, եթե Դուք հաշվում եք՝ 1645, Դուք ավելի լավ գիտեք, բայց ըստ անհրաժեշտության՝ մենք գնահատական տալիս ենք։ Ես ասացի, որ այս իշխանության լկտիությունը, դատական, դատաիրավական համակարգի, ոստիկանության բռնազավթումը, անհամաչափ ուժերի կիրառումը սահման չունի։ Եւ այդ սահմանների գնահատականները մենք տալիս ենք, դա չի կարող մեզ որևիցե մի բանով վախեցնել, հունից հանել, որպեսզի մենք՝ որպես ընդդիմություն, մեր գործունեությունը չկատարենք։

Վահե Մակարյան