Արևմտյան ռևերանսներից հետո Փաշինյանն ի վերջո գնաց Պուտինի մոտ․ Բաբայան

Արևմտյան ռևերանսներից հետո Փաշինյանն ի վերջո գնաց Պուտինի մոտ․ Բաբայան

Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն և դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, իսկ դեկտեմբերի 26-ին՝ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին: 

Հայ պաշտոնյաները տևական ժամանակ է՝ բոյկոտում են Մոսկվայի առաջնորդած կառույցների նիստերը: Հոկտեմբերի վերջին Փաշինյանը չմեկնեց Բիշքեկ, որտեղ նախատեսված էին ԵԱՏՄ և ԱՊՀ միջկառավարական խորհուրդների նիստերը, նաև չմասնակցեց Մինսկում տեղի ունեցած ՀԱՊԿ խորհրդի նիստերին: 

Սանկտպետերբուրգյան քաղաքական միջոցառումների կարևորությունն ու ինտրիգը նաև այն է, որ դեկտեմբերի 26-ին հնարավոր է լինի հանդիպում Փաշինյանի, Պուտինի և Ալիևի միջև: Արդյո՞ք նման կանխատեսում կարող ենք անել, ի՞նչ կքննարկվի այդ հանդիպման ժամանակ և արդյոք «խաղաղության պայմանագիրը» հնարավոր է ստորագրվի մոտ օրերին․ այս մասին MediaHub-ը զրուցեց ԱԺ նախկին պատգամավոր, «Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ Վահան Բաբայանի հետ։

«Մոտ ապագայում ոչ մի լուրջ փաստաթուղթ չի կնքվի, քանի որ դեռևս ավարտված չեն գործընթացները, որով կարող էր դա արվել»,- ասաց նա։

Ըստ Բաբայանի` զարմանալի բան չկա, որ Փաշինյանը մասնակցում է ԵԱՏՄ գագաթնաժողովին, պարզ էր, որ արևմտյան ռևերանսներից հետո նա ի վերջո գնալու է Պուտինի մոտ։ Բայց ընդգծեց, որ ոչ այն ժամանակ էին ոգևորված, երբ պրոֆրանսիական կամ պրոեվրոպական ռևերանսներ էր արվում, և ոչ էլ հիմա են զարմացած։

Շարքային տաքսիստից սկսած մինչև փողոցում ինչ–որ գործունեություն ծավալող մարդ, որը շատ հեռու է քաղաքականությունից, շարունակեց Բաբայանը, այսօր կանխատեսումներ են անում, և կանխատեսումների պակաս չկա։ Բայց կոնկրետ ինքը Արցախի կամ «խաղաղության պայմանագիրի» մասով կանխատեսում չի անի՝ անշնորհակալ գործ է:

«Հնարավոր է, որ լինի հանդիպում Փաշինյանի, Պուտինի և Ալիևի միջև և կարող են քննարկվել օրակարգային հարցեր, բայց առաջնային հարցը Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների կարգավորման կոնտեքստում է, կոմունիկացիաների ապաշրջափակման և ընդհանրապես՝ 2024թ․ վերաբերյալ հարցերը, քանի որ 2024-ը ընտրական տարի է լինելու՝ թե՛ Ռուսաստանում, թե՛ Ադրբեջանում, թե՛ ԱՄՆ-ում, և այլն»,- ասաց մեր զրուցակիցը։

Անդրադառնալով ԵԱՏՄ գագաթնաժողովին՝ Վահան Բաբայանը նշեց, որ Հայաստանը շատ ծանր վիճակում է հայտնվել։

«Հայաստանը լավ իրադարձություններ կարող է սպասել այն ժամանակ, երբ Հայաստանի համար բարենպաստ միջավայր ստեղծվի, իսկ այս լարված մթնոլորտում՝ թե՛ ներսում, թե՛ դրսում Հայաստանի համար լավը սպասելը բարդ է, բայց պետք է լավատես լինել։ Կարևորը կարողանալ հասկանալ ու տարբերակել առաջնայինը երկրորդականից, քանի որ տարածաշրջանում շատ զգայուն և շատ վտանգավոր իրավիճակում ենք, իսկ մեր խնդիրների լուծումը առաջին հերթին գտնվում է մեր երկրի ներսում, քան դրսում»,- եզրափակեց Բաբայանը։

Մարիաննա Արամյան