«Հայաստան» դաշինքը դեռ որոշում չունի Լաչինի միջանցք գնալու

Երեկվանից ադրբեջանցիները փակել են Լաչինի միջանցքը, վրաններ են այնտեղ տեղակայել և կտրել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ ՀՀ իշխանության կողմից այս անռչությամբ որևէ արձագանք չի եղել, իսկ ընդդիմության արձագանք մինչ այս պահը միայն սոցհարթակներում է եղել։
Այնումանեայնիվ, MediaHub.am-ը փորձեց պարզել՝ ի՞նչ մտադրություն ունի ընդդիմությունն այս պահին, արդյո՞ք պատվիրակներ չեն գործուղվելու թշնամու կողմից փակված ճանապարհահատված։
«Հայաստան» խմբակցությունը դեռևս նման որոշում չունի։ Մեզ հետ զրույցում այս մասին ասաց խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ Նա նշեց, որ եթե անգամ նման որոշում լիներ, այն հրապարակելն այդքան էլ ճիշտ չէր լինի։
«Բայց պետք է հաշվի առնել, որ «Հայաստան» խմբակցության մաս կազմող ՀՅԴ կուսակցությունը ներկայացուցիչներ ունի նաև Արցախի խորհրդարանում, և մեր ներկայությունն այնտեղ պարտադիր չէ, քանի որ գործընկերներ ունենք Արցախում»,- նկատեց Մանուկյանը։
Ինչ վերաբերում է երեկվա ընթացքում իշխանության լռությանը, ապա Մանուկյանը նշեց, որ այդ լռությանը որևէ կոռեկտ բառով չի կարող արձագանքել։
Նարե Գնունի