Ի՞նչ նպատակով է Ռուբինյանը մասնակցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն այսօր՝ ԱԺ նիստի մեկնարկին, անդրադարձավ երեկ տարածված տեղեկատվությանը, ըստ որի՝ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը երեկ Վաշինգտոնում հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ։ ՀՀ պատվիրակության կազմում է եղել նաև ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։
«Հայտնի է, որ Ռուբեն Ռուբինյանը Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորող խմբի բանագնացն է։ Հարց՝ ի՞նչ նպատակով է Ռուբեն Ռուբինյանը մասնակցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը, արդյո՞ք Թուրքիայի հետ հարաբերություններն էլ են համարվում հայ-ադրբեջանական բանակցությունների մաս»,- հարցրեց Մանուկյանը։
Պատասխանելով նրա հարցին՝ ԱԺ նիստը վարող փոխխոսնակ Հակոբ Արշակյանն ասաց, որ Ռուբեն Ռուբինյանը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով հայկական կողմի բանագնացն է։
«Ըստ էության, նա իր գործառույթներն է կատարում։ Ինչ վերաբերում է հանդիպմանը նրա մասնակցությանը, ապա Ալեն Սիմոնյանի կարգադրության մեջ ամեն ինչ ասված է»,- նշեց Արշակյանը։
Գեղամ Մանուկյանն էլ հակադարձեց՝ հանկարծակի են իրենք տեղեկացել, որ Վաշինգտոնում հանդիպում է լինելու, այն էլ՝ բազմափուլ։
«Հայ ժողովրդի թիկունքում տեղի են ունենում գործընթացներ, որոնք վտանգում են Հայաստանի, Արցախի ու հայ ժողովրդի անվտանգությունը»,- նշեց նա։
Հակոբ Արշակյանն էլ զարմանքով արձագանքեց Գեղամ Մանուկյանի խոսքին․
«Զարմանում եմ, որ ձեր համար նորություն է, որ բանակցություններ են տեղի ունենում։ Առաջարկում եմ հետևել ԱԳՆ մամուլի հաղորդագրություններին»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։