Այսօր թիրախն Ազգային ժողովն է, թատերաբեմը՝ փողոցը, իսկ Փաշինյանի հեռացումն օրվա հրամայական է․ Անանյան

Այսօր թիրախն Ազգային ժողովն է, թատերաբեմը՝ փողոցը, իսկ Փաշինյանի հեռացումն օրվա հրամայական է․ Անանյան

ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը, որ պաշտոնը թողել էր դեռ 2020-ի պատերազմից առաջ և այսօր սուր քննադատում է Նիկոլ Փաշինյանին և իր իշխանությանը, այս օրերին Հայաստանում և, հատկապես, Տավուշի մարզում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Mediahub-ի հետ զրույցում նկատեց, որ իրավիճակը, իրականում, պայթյունավտանգ է, քանի որ մենք հաստատակամորեն գնում ենք դեպի կործանում՝ թե՛ պետականության առումով, թե՛ գոյութենական խնդիրների առաջացման առումով։

«Ոնց որ թե էս վերջին մի քանի օրվա որոշակի օջախային զարթոնքային բաները թույլ են տալիս որոշակի եզրակացություններ անել, որ ժողովուրդը, կարծես թե, զարթնում է վերջին քառամյա թմբիրից»,- ասաց Անանյանը՝ նկատելով, որ դա որոշակիորեն հուսադրող է, բայց կազմակերպչական առումով մեկ կենտրոնից չի կառավարվում, և այդ պատճառով գուցե շատ արդյունավետ չէ։

-Կարծում եք՝ պե՞տք է մեկ կենտրոնից կառավարվի, քանզի նախորդ փորձերը ցույց են տալիս, որ երբ մեկ կենտրոնից է կառավարվում, ձախողման շանսերը ավելի մեծ են։ Իսկ հիմա, երբ ապակենտրոնացված է, և պերմանենտ շարժումներ են տեղի ունենում, գուցե սա ավելի՞ արդյունավետ լինի։

-Համաձայն եմ, բայց «մեկ կենտրոն» ասելով պիտի հասկանանք ոչ թե մեկ քաղաքական միավոր, այլ պետք է հասկանանք համախմբում։ Այսինքն՝ կառավարումը պետք է առաջնորդություն և համախմբում ունենա։ Համենայնդեպս, այդ շարժումները, որոնք քաղաքացիների, մեր ազգաբնակչության ազնիվ մղումներով առաջացող դրսևորումներ են, պետք է ուղորդվեն, առաջնորդվեն։ Այսինքն՝ ովքեր որ առաջնորդության քաղաքական, ապաքաղաքական, քաղաքացիական, հանրային որոշակի պարտավորություններ և որոշակի նկրտումներ ունեն, պետք է բոլորը՝ սև, սպիտակ, կարմիր, գորշ, բոլորը պետք է փորձեն համախմբվել, որ էս համընդհանուրը կառավարվի։

-Իսկ Դուք այդպիսի նկրտումներ ունե՞ք, և Ձեր թվարկած այդ գույներից ո՞ր մեկի մեջ եք Ձեզ դասում։

-Ես ապաքաղաքական, ապակուսակցական եմ, կարելի է ասել՝ ես անհատ հանրային գործիչ եմ, որն իր անհանգստությունն ու իր հանրային կարծիքը անընդհատ փորձում է հայտնել, որ մարդիկ, որ ճանաչում են ինձ, կամ իմ կարծիքն իրենց համար հետաքրքիր է, որոշակի ուղղորդում ունենան։ Դա իմ պարտականությունն եմ համարում՝ որպես մարդ, որպես հանրային որոշակի պատասխանատվություն, հանրային ճանաչելիություն ունեցող անհատ։

-Այսինքն՝ ուղղորդում ունենան Ձեր կողմից, որ դուրս գան փողոց ընդդեմ Փաշինյանի ու նրա ռեժիմի և հեռացնե՞ն նրան։

-Տեսեք, ես ունեմ մի բանաձև, որ այսօր թիրախն Ազգային ժողովն է, թատերաբեմը՝ փողոցը։ Սա նշանակում է, որ Ազգային ժողովում պետք է փողոցային պայքարի պարտադրանքի ներքո մեկնարկի կառավարությանը և կառավարության ղեկավարին անվստահություն հայտնելու՝ իմփիչմենթի գործընթաց։ Սա այսօր հրամայական է։

-Այսինքն՝ Փաշինյանի հեռացումը Դուք օրվա հրամայակա՞ն եք համարում։

-Այո, դա համարում եմ օրվա հրամայական, ընդ որում՝ դա ոչ թե պետք է լինի ինքնանպատակ, այլ դրա հետ միասին՝ նաև քաղաքական ու քաղաքացիական համախմբում իրականացնողները նաև հանրությանը պետք է ներկայացնեն շատ տեսանելի ապագայում, այսինքն՝ մոտակա երեք օրվա, երեք ամսվա, երեք տարվա անելիքների հստակ ծրագիր։

-Ասացիք՝ Դուք անհատ հանրային գործիչ եք, այսինքն՝ քաղաքականությամբ չե՞ք զբաղվում, քաղաքական գործիչ չե՞ք համարում Ձեզ։

-Ես այսօր հանրային գործչի դիրքերից եմ ինձ պատկերացնում, էդպես եմ ինձ տեսնում, բայց եթե սրընթաց քաղաքական գործընթացներ լինեն, որոնք ինձ կստիպեն կամ կպարտադրեն հանրային գործչի իմ գործունեությունը շատ արագ փոխել դեպի քաղաքականություն, ես վայրկյան անգամ չեմ հապաղի, եթե տեսնեմ, որ իմ այդ քայլից կախված է հաջողություն կամ կախված է ինչ-որ մի շատ կարևոր բան։

-Իսկ կա՞ այնպիսի քաղաքական ուժ, որի կողմը կթեքվեք այդ ժամանակ։

-Կարծում եմ, որ այս փորձառությունն էլ Ձեզ հուշում է, որ ցանկացած մարդ, որը որոշակի հանրային ընկալելիություն ունի և որոշակի հանրային գործչի դիրքերից այս կամ այն առիթով իր տեսակետներն է հայտնում, շատ արագ հայտնվում է քաղաքական տարբեր ուժերի ուշադրության կենտրոնում։ Հանդիպումներ, զրույցներ, հեռախոսազանգեր՝ այդպիսի բաներ, իհարկե, կան, բայց դրանք սովորական մարդկային շփումների մակարդակից դեռ այն կողմ չեն անցել։ Ես հանդիպում եմ բոլորի հետ, ովքեր այդպիսի ցանկություն ունենում են, խոսում եմ բոլորի հետ և իմ պարտքն եմ համարում լսել բոլորին։ Ես նայում եմ համախմբման ցանկացած հնարավորություն։ Ինքս էլ պրոպագանդում եմ, որ պետք է հանրային համախմբում լինի։ Ապաքաղաքական, ապակուսակցական, լուսավոր, պայծառ, ազգային շահերով, ազգային գաղափարախոսություն ունեցող մարդկանց հանրային համախմբման պահանջ կա այսօր։ Ես՝ ինքս, իմ պատրաստակամությունը հայտնել եմ և այդպիսի օրակարգով ցանկացած մարդու հետ խոսում եմ, բնականաբար՝ այն մարդկանց հետ, ովքեր ունեն նման պոտենցիալ և այն մարդկանց հետ, որոնք ունեն շատ ազնիվ մղումներ։

Վահե Մակարյան